Սուրեն Պապիկյանը և Լին Թրեյսին քննարկել են Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը

Աննա Կոստանյան 28.09.2021 - 17:28
28.09.2021 - 17:28 դիտում

Սեպտեմբերի 28-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը գնահատելի է համարել նախորդ շրջանի ակտիվ և արդյունավետ համագործակցությունը:

Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը զուգահեռ Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա առանձնացրել է երկկողմ հարաբերություններում տնտեսական օրակարգի առաջ մղման կարևորությունը՝ ընդգծելով տարբեր ուղղություններում ԱՄՆ-ի ներգրավվածության օգտակարությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, էներգետիկ, մասնավորապես՝ կանաչ էներգիայի արտադրության ոլորտներում:

Փոխվարչապետը շեշտել է, որ նշյալ ոլորտների զարգացման գործում գնահատելի են ԱՄՆ-ի ներդրած ջանքերը, և հույս հայտնել, որ աջակցությունը կլինի շարունակական: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն hայտnելով, որ նոր կարգավիճակում արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է և ընդլայնվելու:

Կողմերը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումները, պարեկային ծառայության ստեղծումը, արդարադատական համակարգի և ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները:

Փոխվարչապետը ներկայացրել է նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած իր այցելության արդյունքները՝ ՔԿՀ-ների ենթակառուցվածքների և դատապարտյալների պահման պայմանների բարելավման հարցը համարելով օրակարգային: Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների հաղթահարման հարցերին:

Նկատի ունենալով վերջինիս ազդեցությունը ինչպես մարդկային կյանքերի և հանրային առողջության, այնպես էլ պետությունների տնտեսությունների վրա, շեշտվել է պատվաստանյութերի հասանելիության և պատվաստումների կարևորությունը՝ սահմանների բացման և ճանապարհորդությունների հարցում առկա սահմանափակումների մեղմացման համատեքստում:

Ընդգծվել է, որ այս ուղղությամբ համատեղ և հետևողական ջանքերը միայն դրական արդյունքներ են տալու: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, ինչի կապակցությամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԾ-ի շրջանակներում տրամադրված աջակցության համար՝ հույս հայտնելով, որ օժանդակությունը նոր տեսք կստանա, քանի որ նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Զրույցի ժամանակ քննարկվել են Հայաստանում միջազգային ներդրումների համար առողջ միջավայրի ապահովման, հակակոռուպցիոն ռեֆորմների, արդար տնտեսական և մրցակցային դաշտի ապահովման միջոցները:

Անդրադարձ է կատարվել հանքարդյունաբերության խնդիրներին՝ կարևորելով բնապահպանական ռիսկերի կառավարման, շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և ներդրումների երաշխավորման հարցերը: Քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը:

Փոխվարչապետը խոսել է այլընտրանքային ճանապարհների կառուցման ուղղությամբ ներկայումս կատարվող քայլերի մասին: Ըստ նրա՝ առաջիկա օրերին նախատեսվում է ավարտել 44 կմ նոր ճանապարհի ամբողջական ասֆալտապատման աշխատանքները, որոնց կհաջորդի ասֆալտի նոր շերտի անցկացումը 17 կմ հատվածի վրա:

Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրել է Տաթև-Աղվանի հատվածում 18 կմ նոր ճանապարհի կառուցման մասին՝ անդրադառնալով 4 գյուղերի ուղղությամբ շրջանցիկ ճանապարհների կառուցմանը, որոնք նախատեսվում է վերջնական ավարտին հասցնել 2020 թ. գարնանը:

Փոխվարչապետը հայտնել է, որ արդեն մեկնարկել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ աշխատանքները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ