Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Հրաչ Սահակյան 23.12.2020 - 21:12
23.12.2020 - 21:12 դիտում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 23-ին Լոռու մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, իր խոսքում նախարարը շնորհակալություն է հայտնել մարզի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը պատերազմի օրերին թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում կազմակերպվածության և համախմբվածության համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝  պաշտոնավարման ընթացքում մարզում իրականացված բարեփոխումների և պատերազմական բարդ շրջափուլում դրսևորած բարձր պատասխանատվության համար:

Խոսելով հետպատերազմյան շրջանի դժվարություններից՝ նախարար Պապիկյանն ասել է․ «Հիմա՝ այս իրավիճակում, շատ կարևոր է, որ մենք կարողանանք ամուր պահել մեր պետության ողնաշարը։ Սա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի 3-րդ հանրապետության համար, ու դուք, որպես հանրության կողմից ուղիղ ընտրված ներկայացուցիչներ, ունեք ձեր կարևոր դերակատարումը։ Ես չեմ խոսում որեւէ իշխանության լինելիության մասին, ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության, հայոց պետականության մասին։ Այստեղ անկախ մեր քաղաքական հայացքներից ու դիրքորոշումից, յուրաքանչյուրս համախոհ ենք, գործընկեր ենք ու բարեկամ: Ես սա հատուկ եմ նշում, որպեսզի յուրաքանչյուրս ինքներս մեզ հարց տանք, թե որքանով ենք նպաստում կամ խոչընդոտում մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու միասնությանը»:

Ներկայացնելով Լոռու նորանշանակ մարզպետին, նախարարը նշել է,  որ Արամ Խաչատրյանն  իր բազմամյա հասարակական-քաղաքական գործունեության շնորհիվ քաջատեղյակ է մարզի խնդիրներին:  Նախարարը հաջողություն  է մաղթել նորանշանակ մարզպետին արդեն տարածքային կառավարման բնագավառում հետագա գործունեության մեջ և  վստահությոն հայտնել, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի։

Նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ պատասխանատու պաշտոնը վստահելու համար և վստահեցրել, որ կանի առավելագույնը՝ մարզի զարգացման, փոխվստահության, գործընկերային մթնոլորտ ապավելու ուղղությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ