Սուդանում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել

15.04.2023 - 16:57 դիտում

Սուդանում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները: Մայրաքաղաք Խարթումում կրակոցներ և պայթյուններ են լսվել: Բախումներ են եղել Արագ արձագանքման ուժերի և Սուդանի կանոնավոր բանակի միջև։

Արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ ԶՈՒ ծառայողները ավիահարվածներ են հասցրել և գրավել Խարթումի հարավում գտնվող իրենց բազան։ Խարթումի նախագահական պալատի բոլոր մուտքերն արգելափակված են: Լրատվամիջոցների տվյալով՝ Սուդանի արագ արձագանքման ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարթումի և երկրի հյուսիսում գտնվող Մերովե քաղաքի օդանավակայանները։ Հատուկ ջոկատայինները գրավել են Մերովեի ավիաբազայում գտնվող ռուսական արտադրության մի քանի ինքնաթիռ: Հաղորդվում է տուժածների և զոհերի մասին:

Սուդանի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ զինվորականները նախահարձակ չեն եղել, այլ փորձել են հետ մղել Արագ արձագանքման ուժերի հարձակումն իրենց ստորաբաժանումների վրա:

Սուդանի ընդդիմադիր «Հանուն ազատության և փոփոխության» շարժումն անցած շաբաթ հայտարարել էր, որ երկրում անցումային քաղաքացիական իշխանություն ստեղծելու մասին քաղաքական համաձայնագրի ստորագրումը հերթական անգամ հետաձգվում է՝ երկրի ռազմական ուժերի միջև կոնսենսուսի բացակայության պատճառով:

Նշվում է, որ Սուդանի զինված ուժերի հրամանատարը և Արագ արձագանքման ուժերի ղեկավարը, որոնք մինչև երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի պաշտոնանկությունը ենթարկվում էին անմիջապես պետության ղեկավարին, տարաձայնություններ ունեն Արագ արձագանքման ուժերին երկրի բանակում ինտեգրելու և Զինված ուժերի գլխավոր հրամանատար ընտրելու հետ կապված։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ