Սոցապծառայության աշխատակիցը երկու անձից կաշառք է վերցրել, որ նպաստը չդադարեցվի

5.06.2023 - 18:58 դիտում

Պետական նպաստի տրամադրումը չդադարեցնելու և նպաստի տրամադրման ժամկետը երկարաձգելու գործընթացը անխոչընդոտ կազմակերպելու համար Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակից Լ. Ա.-ն Տավուշի մարզի երկու բնակչից կաշառք է վերցրել։ Տեղեկանում ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ Ա. Ա.-ն եղբոր պետական նպաստի իրավունքի ժամկետը երկարաձգելու և նպաստի տրամադրումը չդադարեցնելու դիմաց 2023 թվականի մարտի 1-ին 20.000 ՀՀ դրամ կաշառք է տվել սոցապծառայության աշխատակցին։

Նույն օրը վերջինս կաշառք է ստացել նաև Տավուշի մարզի մեկ այլ բնակչից՝ Յ. Գ.-ից` 10 հազար դրամ, որպեսզի բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պետական նպաստ ստացող շահառուների ցուցակում ընդգրկվելը չուշացվի և նպաստը ժամանակին ստանա։

Կաշառք ստանալու համար Լ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (Կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով), իսկ կաշառք տալու համար Ա. Ա.-ին և Յ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ