Սկզբից ամենատարբեր միջոցներով հարվածներ են հասցրել ԼՂ տարածքին, այնուհետև մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն սկսել․ Փաշինյան

Աննա Կոստանյան 19.09.2023 - 16:41
19.09.2023 - 16:41 դիտում

Ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն սկսել է ԼՂ-ի ամբողջ տարածքի հրետակոծություն, որոշ ժամանակ անց սկսել է գործողությունը ԼՂ-ի շփման գիծը խախտելու և ԼՂ-ում դիրքեր, որոշ ուղղություններով էլ նաև բնակավայրեր իրենց վերահսկողության տակ վերցնելու նպատակով: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանը կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի հետ:

«Սկզբից ամենատարբեր, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային միջոցներով, հարվածներ են հասցրել ԼՂ տարածքին, այնուհետև մի քանի ուղղությունից ցամաքային գործողություն սկսել ընդդեմ ԼՂ-ի»,- ասաց վարչապետը:

Տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն այդ գործողությունների մեկնարկի մասին պաշտոնապես տեղյակ է պահել ՌԴ-ին:

«Իհարկե, սա Ադրբեջանի վարկածն է, տեղեկատվությունն է, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին ՌԴ մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ իրադրությունն անկանխատեսելի չէր, քանի որ Կառավարության նիստերի ընթացքում էլ ասել է, որ ՀՀ պետական սահմանին և ԼՂ շփման գծի երկայնքով նկատելի է լարում:

«…Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունների դիվանագիտական նախապատրաստությունն էր, և դա արդարացվեց»,- ասաց նա և տեղեկացրեց, որ ԱԽ նիստ է հրավիրվել, որի շրջանակում քննարկել է իրավիճակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ