ՍԴ որոշմամբ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները ՀՀ-ում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան

Աստղիկ Խաչատրյան 22.07.2021 - 11:32
22.07.2021 - 11:32 դիտում

Հուլիսի 17-ին հրապարակված որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի՝ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184 Ա որոշումը: Եվս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, և ընտրությունների վերջնական արդյունքներն արտահայտում են ՀՀ ժողովրդի կամքը. Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Համաձայն միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները եղել են հավասար, ապահովվել է լուսաբանման հավասար սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին:

Այսպիսով, 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՔՊ-ն խորհրդարանում և խորհրդարանից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության, բարեկեցության ու զարգացման: «Պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ»,- նշեց նա՝ շեշտելով,- «ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն ընդունում է ՍԴ ուղերձը և ինչպես քաղաքական, այնպես էլ օրենսդրական ու իրավական անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն Հայաստանն ու ժողովրդին ատելության խոսքից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող խոսույթից զերծ պահելու համար»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ