Սահմանազատման, սահմանագծման գործընթացի հիմքում որևէ համայնք կամ ՀՀ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող. Արմեն Գրիգորյան

Աննա Կոստանյան 20.01.2022 - 15:04
20.01.2022 - 15:04 դիտում

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևիցե ձևով չի առնչվում ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, և կարգավորումները հենց ԼՂ-ի մասով են: Սահմանազատման և սահմանագծման մեր առաջարկությունները ընդհանուր առմամբ, հաշվի առնելով ստեղծված դե ֆակտո իրավիճակը, դրանց լուծումներին են միտված, այսինքն՝ այս իրավիճակի լուծմանն են միտված: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները չի կատարում, մենք այս հարցը բարձրացնում ենք մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներում և ակնկալում ենք, որ Ադրբեջանն ամբողջությամբ կկատարի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները»,- ասաց Գրիգորյանը:

Դիտարկմանը, թե որոշ փորձագետների կարծիքով՝ զորքերի հայելային հետքաշման հետևանքով Կապանը և հարակից համայնքները հայտնվելու են չեզոք գոտում, ԱԽ քարտուղարը պատասխանեց՝ նման որևէ վտանգ չկա:

«Սահմանազատման, սահմանագծման գործընթացի հիմքում որևէ համայնք կամ ՀՀ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող: Նման հարց չկա»,- հայտարարեց Արմեն Գրիգորյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե շատ դեպքերում սահմանագիծն անցնում է Հայաստանի բնակավայրերի կողքով և միջով, այդ դեպքում ինչպես է լինելու զորքերի հայելային հետքաշումը, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. «Մեր առաջարկությունները նաև ներառում են նման իրավիճակների լուծումներ, դրա համար այնտեղ, որտեղ բնակավայրեր կան, այդ դեպքում զորքերը կամ սահմանապահ զորքերը կանգնելու են հենց բնակավայրի՝ դեպի սահմանին մոտ երկայնքով, այսինքն՝ լուծումն այդպիսին է բնակավայրերի դեպքում»:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ հայկական կողմը սահմանազատման ու սահմանագծման առաջարկությունների և փաթեթի մասով ակնկալում է գրավոր պատասխան:

Հարցին՝ եթե Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկները, ի՞նչ է պատրաստվում անել հայկական կողմը, ԱԽ քարտուղարը ասաց՝ պետք է շարունակել դիվանագիտական և քաղաքական միջոցներով փորձել խնդրին լուծում գտնել:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Գրիգորյանը պատասխանեց. «Հայաստանը շարունակում է իր դիրքորոշման շրջանակում ակնկալել, որ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան, որովհետև միջազգային հանրության կողմից արձանագրվել է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, և հիմնախնդրի լուծման կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ