Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին փոխանակել են զոհված զինծառայողների աճյունները

Աննա Կոստանյան 22.10.2026 - 17:24
22.10.2026 - 17:24 դիտում

Ռուսաստանն ու Ուկրաինան հոկտեմբերի 22-ին հերթական անգամ փոխանակել են զոհված զինծառայողների աճյունները։ Ռուսաստանի խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը ստացել է 252 աճյուն, իսկ ռուսական կողմը՝ 25։

Փոխանակումն իրականացվել է Բելառուսի և Ուկրաինայի սահմանին՝ «Նովայա Գուտա» անցակետում։ Ուկրաինայի համակարգող շտաբը նույնպես հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ աճյունների վերադարձին աջակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

Զոհված զինծառայողների աճյունների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ին։ Այդ ժամանակ Ռուսաստանը ստացել էր 23 աճյուն, իսկ Ուկրաինան՝ 252։

Փոխանակումներ՝ օգոստոսին

Օգոստոսի կեսերին Ուկրաինան Ռուսաստանից ստացել էր զոհված զինծառայողների 261 աճյուն, իսկ ռուսական կողմը՝ 24։

Օգոստոսի վերջին ևս մեկ փոխանակում էր իրականացվել Բելառուսի միջնորդությամբ։ Կողմերը գործել էին «10-ը 10-ի դիմաց» սկզբունքով․ Ռուսաստանը վերադարձրել էր 10 ռազմագերու, իսկ Ուկրաինա էին տեղափոխվել 10 քաղաքացիական անձինք, որոնք Բելառուսում գտնվելու ընթացքում խախտել էին այդ երկրի օրենսդրությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ