Ռուսաստանն ավարտել է խաղաղապահ զորակազմի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում. Շոյգու

Հրաչ Սահակյան 20.11.2020 - 20:51
20.11.2020 - 20:51 դիտում

Ռուսաստանն ավարտել է իր խաղաղապահ զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում, ընդհանուր առմամբ, տեղակայվել է 1960 խաղաղապահ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորումն ավարտել է տեղակայումը Լեռնային Ղարաբաղի տարածքում և սկսել կատարել իր առջև դրված խնդիրները: Խաղաղապահ ուժերի հիմքը հանդիսացող 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները պատրաստվել են և տեղակայվել հակամարտության տարածք: Ընդհանուր առմամբ, իրականացվել է օդանավի 250 թռիչք, տեղափոխվել է 1960 մարդ և 552 միավոր տեխնիկա», – ասել է Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Նախարարի խոսքով՝ ռուս խաղաղապահները լիովին վերահսկում են Լաչինի միջանցքի տարածքը և Լեռնային Ղարաբաղը:

«Հաջորդ խնդիրը 23 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանումն է: Խաղաղապահ գործողության ղեկավարության համար գործի է դրվել հրամանատարական կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս արագ արձագանքել իրավիճակի փոփոխություններին: Գլխավոր շտաբը կազմակերպել է փոխգործակցություն և ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունների հետ», – հավելել է Շոյգուն:

Ըստ ՌԴ ՊՆ քարտեզների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները տեղակայված են հարավային և հյուսիսային պատասխանատվության գոտիներում: Առաջինը, մասնավորապես, ներառում է Ստեփանակերտ, Աղդամ և Լաչին բնակավայրերին հարող տարածքները: Երկրորդը`Թարթառի և Աղդամի շրջանների հյուսիսային հատվածները՝ Մարտակերտ բնակավայրը:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ