Ռուսաստանի մի քանի նահանգ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի նոր հարձակումների է ենթարկվել

Աննա Կոստանյան 6.03.2024 - 12:58
6.03.2024 - 12:58 դիտում

Ըստ BBC-ի՝ Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը պնդում է, որ մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Ժելեզնոգորսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել վառելիքի և քսանյութերի պահեստում: «Այրվում է վառելիքի բաքը, տուժածներ չկան»,- ասել է նահանգապետը։

Անօդաչու թռչող սարքի թիրախում է հայտնվել նաև Միխայլովսկի լեռնահարստացուցիչ կոմբինատի վառելիքով լի բաքը, դարձյալ տուժածներ չկան: Կոմբինատը, որը Ռուսաստանի երկաթի հանքաքարի արդյունահանման և հարստացման խոշորագույն ձեռնարկություններից մեկն է, պատկանում է միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի «Մետալոինվեստ» ընկերությանը։

Վորոնեժի մարզում էլ առավոտյան երեք անօդաչու թռչող սարք է խոցվել, նախնական տվյալներով ՝ ոչ ոք չի տուժել: Այդ մասին հայտնել է Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը:

Բելգորոդի մերձակայքում հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ինքնաթիռի տիպի ԱԹՍ մոտակա գյուղի շրջանում, օպերատիվ ծառայությունները ճշտում են անօդաչու սարքի ընկնելու վայրում հետևանքների մասին տեղեկատվությունը, նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան, հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

Ուկրաինական կողմը չի մեկնաբանել հայտարարությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ