Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից. ՌԴ ԱԳՆ

Աննա Կոստանյան 10.03.2022 - 12:31
10.03.2022 - 12:31 դիտում

Ռուսաստանը որոշում է կայացրել դադարեցնել անդամակցությունը Եվրոպայի խորհրդին։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից:

«Մոսկվան չի հանդուրժի միջազգային իրավունքն Արևմուտքի երկրների պարտադրված կանոններով փոխարինելու փորձերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալը ենթադրում է ԵԽ կանոնադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միաժամանակյա չեղարկում: Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ Ռուսաստանի անդամակցությունը ԵԽ-ին կդադարեցվի ընթացիկ ֆինանսական տարվա ավարտին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը:

Դաշնության խորհրդի պատգամավոր Անդրեյ Կլիշասն էլ հավելել է, որ Եվրոպայի խորհրդից դուրս գալուց հետո ռուսաստանցիները չեն կարողանա դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ՌԴ-ի դուրս գալը Եվրոպայի խորհրդից ոչ մի կերպ չի ազդի ռուսաստանցիների վրա։ Ըստ Կլիշասի՝ Ռուսաստանում իրավական չափանիշները շատ ավելի բարձր են, քան կազմակերպությունում։ Նա ռուսաստանցիներին կոչ է արել Եվրոպայի խորհրդից դուրս գալուց հետո իրենց իրավունքների պաշտպանության համար ավելի ակտիվ դիմել ռուսական դատարաններ, այդ թվում՝ ՌԴ Սահմանադրական դատարան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ