ՌԴ-ն պատրաստ է աշխատել բոլոր պատասխանատու դերակատարների հետ, որոնք հետաքրքրված են ԼՂ-ում իրավիճակի կարգավորմամբ. Պոլյանսկի

Աստղիկ Խաչատրյան 17.08.2023 - 02:14
17.08.2023 - 02:14 դիտում

Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը, ներկայումս, ավելի քան երբևէ, տեղում քայլեր են անհրաժեշտ՝ թոթափելու լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, մասնավորապես՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումն ու օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։ ՌԴ-ն երկու կողմերի աջակցությամբ ամեն ջանք գործադրում է, որպեսզի արագորեն հանգուցալուծվի այս ճգնաժամը։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Մենք շարունակում ենք ակտիվ կապ պահպանել բոլոր ներգրավված կողմերի հետ, որպեսզի արագորեն վերսկսվի պարենի, դեղորայքի և անհրաժեշտ այլ պարագաների, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ»,- ասաց նա։

«Եռակողմ համաձայնագրերի դրույթներում շատ կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը Ռուսաստանի աջակցությամբ, որպեսզի վերականգնվեն տրանսպորտային ուղիները»,- նշեց ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը։

«Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ չլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի օրենքների համատեքստում»,– ասաց նա։

ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ այս տրամաբանությունը բխում է վերջին համաձայնություններից, որոնք վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները` յուրաքանչյուր կողմ ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։

Պոլյանսկին նշեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հուլիսի 25-ի բանակցությունների ժամանակ ռուսական կողմն իրատեսական փոխզիջումներ է առաջարկել՝ թոթափելու լարվածությունը, որոնք կողմերը հաշվի են առել։

«Դա ենթադրում է զուգահեռ մարդասիրական միջանցքի բացում՝ Աղդամով և Լաչինով՝ քաղաքացիական անձանց և բեռների տեղաշարժի համար, որ արագ վերսկսվի երկխոսությունը Բաքվի ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների ներկայացուցիչների միջև»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հուսով է, որ գործընթացում քաղաքական կամք կցուցաբերվի՝ հաղթահարելու համար ստեղծված իրավիճակը, տևական երկխոսություն ունենալ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով։

«Ռուսաստանը պատրաստ է աշխատել բոլոր պատասխանատու դերակատարների հետ, որոնք հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցմամբ ընդհանրապես»,- ասաց Պոլյանսկին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ