ՌԴ-ն ոչ թե լքել է հայերին ու Հայաստանը, այլ գործադրել է բոլոր ջանքերը ԼՂ-ում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար. Զախարովա

Աննա Կոստանյան 13.11.2020 - 18:51
13.11.2020 - 18:51 դիտում

Ռուսաստանը չի լքել հայերին ու Հայաստանը, այլ գործադրել է բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։ Այս մասին, Tert.am-ի հաղորդմամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակվել են նյութեր այն մասին, թե ով է հաղթել ու ով պարտվել ստեղծված իրավիճակում։

«Կցանկանայի պատասխանել հատուկ այն արտահայտությանը, թե իբրև Ռուսաստանը լքել է Հայաստանն ու հայերին։ Ռուսաստանը ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, այլ գործադրել է իր բոլոր ջանքերն այդ իրավիճակի կարգավորման համար։ Նախ (կիրառել է – Tert.am) քաղաքական ուժերը՝ օգտագործելով դիվանագիտությունը, միջազգային իրավունքներն ու բանակցային գործընթացը, ապա այնտեղ է տեղակայել իր խաղաղապահներին», – շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Նրանք, ովքեր այսօր մեկը մյուսից բարձր բղավելով ելույթ են ունենում հեռուստածրագրերում, պետք է հիշեն, որ այսօրվա դրությամբ այս տարածաշրջանի քաղաքացիների անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան երաշխավորում են ռուս խաղաղապահները: Սա այն հարցի շուրջ, թե որքանով է Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված այս տարածաշրջանի կայունությամբ», – հավելել է Զախարովան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ