Ռազմական համալսարան ընդունված, ավարտած և ծառայության անցած սպաները բնակարան կստանան

Աննա Կոստանյան 20.07.2023 - 13:06
20.07.2023 - 13:06 դիտում

Ակադեմիական քաղաքում սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց կգործի
Կարևոր լուր է ինձ հաղորդել պաշտպանության նախարարը: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 20-ի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը դիմորդների աճ կունենա:

«Իհարկե, թվերը մենք չենք հրապարակի, բայց զգալի աճ ունենք, և ուզում եմ ասել, որ դա կապված է նաև այս դահլիճում մեր կայացրած մեկ այլ որոշման հետ, որ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունված, ավարտած և ծառայության անցած սպաները ծառայության անցնելու պահին կստանան բնակարան:

Կագավորումներն այնպես ենք անում, որ դա կհամարվի իրենց սեփականությունը, բայց մինչև ծառայության ավարտն այն օտարելու հնարավորություն նրանք չեն ունենա:

Ենթադրաբար, բնակարանները կարող են լինել նաև Երևանում, բայց նրանք, եթե, օրինակ, ծառայում են Սյունիքի մարզում, կարող են այդ բնակարանները վարձակալության տալ և իրենց ընտանիքի կարիքները լրացուցիչ բավարարել: Այսինքն՝ ստանալով բարձր, արդեն կրկնապատկված աշխատավարձ և այս բնակարանի վարձակալությունից ստացած եկամուտը, որը որևէ կերպ չի նվազեցվի, այսինքն՝ դա պլյուս է, իրենց սեփականությունն է, իրենք այդ սեփականությունը կարող են տնօրինել: Սա էլ հույս ունեմ՝ էֆեկտ կտա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը կարևոր համարեց նաև այն, որ կրթության բարեփոխումների տրամաբանության մեջ նաև ռազմական կրթությունը ներառվի:

«Մեր ծրագրերում է սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց ունենալը, որը մենք հիմա արդեն համոզված ենք, որ պիտի տեղակայվի Ակադեմիական քաղաքում, որի ծրագիրը, ըստ էության, հիմա շատ մեծ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մտել է իրականացման փուլ: Առաջիկայում մենք կունենանք գլխավոր հատակագիծը և կսկսենք նախագծերը հերթով, փուլ-փուլ իրականացնել»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ