Պետական կառավարման համակարգում չպետք է լինի մարդ, որ պատվաստված չլինի. Փաշինյան

Աննա Կոստանյան 7.10.2021 - 13:40
7.10.2021 - 13:40 դիտում

Պատվաստումային գործընթացը Հայաստանում պետք է գնա առաջ, պետական կառավարման համակարգում չպատվաստված մարդ չպետք է լինի, կեղծ պատվաստումների հավաստագիր տվող բժիշկներն էլ պետք է պատժվեն խիստ ձևով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում՝ արձագանքելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ելույթին:

«Պատվաստման գործընթացի ակտիվություն և մեծացման միտում ունենք, բայց սա բավարար չէ, ցավոք, դեռ կան անձինք, որոնք անընդհատ չարամտորեն խանգարում են այն ինֆորմացիան դաշտը, որը մեր քաղաքացիներին շփոթության մեջ է գցում և անհիմն վախեր է ներշնչում»,- ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ նման գործունեությամբ զբաղվողները պատասխանատվության մեծ բաժին ունեն գրանցված մահերի համար: «Եվրոպական երկրներ, Ասիայի շատ երկրներ արդեն պատվաստումները հասցրել են 90 տոկոսի: Ուրեմն, ի՞նչն է խնդիրը, ինչի՞ դեմ են պայքարում այդ անձինք, ի՞նչ շահեր ունեն հետապնդելու, որ ՀՀ-ում հնարավորինս դանդաղի պատվաստումային գործընթացը»,- ասաց Ավանեսյանը:

Փաշինյանն առաջարկեց ետ գնալ և տեսնել, թե ինչ շահ ունեն այդ անձինք: «Մենք կարող ենք ետ գնալ և տեսնել, թե այդ մարդկանց քարոզչությունն ինչ է: Սկզբում, երբ ՀՀ-ում սկսեցին մարդիկ կորոնավիրուսից մահանալ, նրանք ամեն օր այդ մահերը վերցնում և քաղաքական շահարկման առարկա էին դարձնում: Նրանց պետք է, որ հնարավորինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն, որ կառավարությունը չի կարողանում վիրուսի դեմ պայքարել»,- ասաց նա:

Վարչապետն առաջարկեց, սակայն, չբողոքել նրանից, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում՝ շեշտելով. «Կա պետության հստակ պարտավորություն, վարչական լծակները գործադրեք, պատվաստումը պետք է գնա առաջ: Ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին: Պետությունն ունի բոլոր լծակները՝ անհրաժեշտ իրավական ակտեր ընդունել, եթե անհրաժեշտ է՝ ընդունել օրենքներ և գնալ իրականացնել պատվաստման գործընթացը»:

Փաշինյանը նկատել է՝ որոշ մարդկանց կողմից շարժում է սկսվում, որ հորդորում են վճարովի դարձնել կորոնավիրուսի բուժումը: «Նրանք ասում են՝ ինչո՞ւ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն, երբ այդ գումարը կարող էր օգտագործվել դպրոցների, սոցիալական կարիքների վրա»,- ասաց նա ու հավելեց՝ կանխատեսում է, որ այդ մարդկանց ձայնը գնալով ավելի բարձր է հնչելու:

Վարչապետը հորդորեց ուշադրություն չդարձնել, թե տարբեր շրջանակներ ինչ են ասում՝ հիշեցնելով, որ 3 ամիս առաջ տեղի ունեցած ընտրություններով կառավարությունը իր ծրագրերն իրականացնելու մանդատ է ստացել: «Մենք ամեն անգամ կառավարության նիստում պե՞տք է ասենք՝ 4 կամ 100 հոգի ինչ-որ բա՞ն է ասում: Ինձ մի ասեք, թե ով է խանգարում, ով չի խանգարում: Գնացեք, լուծեք»,- ասաց Փաշինյանն ու հորդորեց չբողոքել՝ նշելով, որ բոլոր երկրներում էլ այդ հակապատվաստումային շարժումը կա:

Վարչապետը շեշտեց, որ պատվաստման թվերը շատ վատ են: «Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի: Բոլոր առաջին դեմքերն անձամբ պատասխանատվություն են կրում դրա համար»,- ասաց նա:

Փաշինյանը վստահեցրեց, որ իր ընտանիքի անդամները, բացի մանկահասակ երեխաներից, պատվաստված են: Ընդ որում, նրանք պատվաստվել են տարբեր պատվաստանյութերով:

Դիմելով ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ նա ասաց, որ այլևս չի ուզում լսել կեղծ պատվաստումների մասին ահազանգեր: «Ձերբակալեք, կալանավորեք: Այն բժիշկների դեմ, որոնք օգտվում են առիթից՝ չպատվաստելու մարդկանց, պատվաստանյութը փչացնելու, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ