ՊԵԿ-ն արձանագրել է թուրքական ապրանքներ ներկրելու փորձեր

Աննա Կոստանյան 19.02.2021 - 17:38
19.02.2021 - 17:38 դիտում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն արձանագրել է թուրքական ապրանքների ներկրման փորձեր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը նշեց, որ այդ դեպքերում ապրանքները դուրս են հանվել երկրից, չի թույլատրվել ներմուծումը:

«Նման փորձերի հավանականությունը կա, մենք շատ լավ գիտենք բոլոր ռիսկերը և մեր վարչարարական գործիքակազմով կսահմանափակենք անօրինական գործողությունները»,-ասաց Արտեմ Կարապետյանը:

Թե ինչպես է թուրքական ապրանքների արգելքն ազդել տնտեսության վրա, ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը չի շտապում մանրամասնել՝ նշելով, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը:

«2020 թվականին թուրքական ծագման ապրանքներից ունեցել ենք մոտ 25 մլրդ դրամի գանձում, սակայն ասել, որ 2021 թվականի հունվարից մինչև հունիս կունենանք 12 մլրդ դրամի նվազում, այս փուլում սխալ է, որովհետև մի շարք այլ գործընթացներ են տեղի ունենում: Բազմաթիվ տնտեսվարողներ սկսում են վերաձևակերպել իրենց բիզնեսը և նույն ապրանքատեսակը բերել Չինաստանից»,-ասաց Մնացական Շարաֆյանը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: Կառավարության հաղորդագրության մեջ նշվում էր, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախ և առաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ