Պատվաստված քաղաքացիները ճամփորդելիս հաջորդ շաբաթվանից այլևս թեստ չեն հանձնի. Ավանեսյան

Գոհար Ստեփանյան 29.04.2021 - 11:46
29.04.2021 - 11:46 դիտում

Երեկ երեկոյան մի քիչ թուլություն եմ ունեցել, մկանային ցավ, բայց այսօր արդեն այդ ախտանշաններն անցել են, ինձ լավ եմ զգում: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, որը երեկ պատվաստվել էր «Աստրազենեկա» պատվաստանյութով:

Անդրադառնալով պատվաստման գործընթացին՝ Ավանեսյանն ասաց, որ Կառավարությունն ամեն հնարավորություն ստեղծել է, որ քաղաքացիները պատվաստվեն, արդեն ներդրվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվում է պատվաստումը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ հաջորդ շաբաթվանից արդեն նոր ռեժիմ կգործի՝ այն քաղաքացիները, որոնք պատվաստված են, կարիք չեն ունենա այլևս երկրից դուրս գալիս թեստ հանձնել: «Սա ևս ցույց է տալիս, որ պատվաստումները կարևոր քայլ են՝ խուսափելու սահմանափակումներից և վերադառնալու բնականոն կյանք»,- ընդգծեց Ավանեսյանը:

Նա տեղեկացրեց, որ չինական պատվաստանյութը, որը կներմուծվի Հայաստան, նույնպես նախատեսված է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար: Նախարարի պաշտոնակատարը կրկին վստահեցրեց՝ պատվաստումը 100 տոկոսով պաշտպանում է հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերից:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ