Առավոտից երեկո կրկնում եք, որ լեգիտիմ իշխանություն չէ, ձայները գողացել եք և ծափահարում եք: Բայց ծափահարության մասին խոսելիս ինձ համար առնվազն տարակուսելի է, երբ երկրի նախագահը խոսում էր, և ձեր կողմից արձագանք չկար: Երկրի նախագահը ՔՊ-ից չէ, երկրի սիմվոլ է. դա հարգանքի նշան է: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 5-ի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Պատգամավորը տարակուսելի է համարում այն, թե ինչու ԱԺ պատգամավորները չեն հարգում օրենքը՝ երդման արարողության ժամանակ ոտքի չեն կանգնում, երկրի օրհներգի ժամանակ ձեռքը չեն դնում սրտին. «Դա ՔՊ-ի հիմնը չէ, դա ՀՀ օրհներգն է: Պետական արարողակարգով ընդունված է, որ ձեռքը պետք է դնել սրտին, որովհետև հիմնը բխում է սրտից: Իհարկե հասկանում եմ, որ ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց Հայաստանի հիմնը այլ է, ընկերնե՛ր:
Այդ մասին խոսում է այն, որ ԱԺ դահլիճում այն մարդիկ, որոնք օժտված են առաջնային մանդատով, չեն հարգում օրենքը: Այս մարդկանց այստեղ լինելը պայմանավորված է մեկ կարևոր առաքելությամբ, գործառույթով: Այս մարդիկ եկել են այստեղ, որպեսզի իրենց համոզմունքը ներկայացնեն և փաստեն, որ ջատագովն են չպետության, պետության չգոյության»:
Եզրափակելով ելույթը՝ Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ պատմական և Իրական Հայաստանի մասին քննարկումներին, որոնք, ըստ նրա, չեն հակադրվում. «Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը, այն Հայաստանի, որտեղ ես և դուք ապրում ենք: Եվ ուրեմն, որպես աքսիոմ, ընդունե՛ք, հիշե՛ք, ձեր մանթրան փոխե՛ք՝ հայրենիքը պետություն է, և պետք չէ փնտրել երազանքի հայրենիք, որովհետև մեր հայրենիքը ՀՀ-ն է, որտեղ ապրում ենք»:
