«Պատմական Հայաստանը» և «Իրական Հայաստանը» ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտյա են միմյանց. Փաշինյան

Աննա Կոստանյան 10.04.2024 - 11:06
10.04.2024 - 11:06 դիտում

2021-ց ի վեր այս դահլիճում տեղի ունեցող բանավեճերը, որքան էլ հանրության աչքին երբեմն անքաղաքավարի, ապաքաղաքական ու անբովանդակ թվան, իրականում հայեցակարգային բովանդակային և ռազմավարական լրջագույն խորք ունեն, որովհետև, մեծ հաշվով, այդ բանավեճերում բախվում են երկու տեսակետներ՝ հայեցակարգային և ռազմավարական երկու պատկերացումներ, որոնցից մեկը կարելի է տեղավորել «Պատմական Հայաստան», մյուսը՝ «Իրական Հայաստան» բանաձևերի ներքո: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ բովանդակային այդ քննարկումը մենկնարկել է 44-օրյա պատերազմից հետո, որովհետև մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանում հանրային քաղաքական կոնսենսուս կար, որ «Պատմական և Իրական Հայաստանները» կարող են գոյակցել, և կարող են ուժեղացնել մեկը մյուսին:

«Կառավարության և անձամբ իմ հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան, որ տեղի է ունեցել բոլորիդ աչքի առաջ, բայց չի ձևակերպվել որպես այդպիսին, հենց սրանում է: Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ «Պատմական Հայաստանը» և «Իրական Հայաստանը» ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»,- ասաց նա և պարզաբանեց.- «Ես և Կառավարությունը, երկար ժամանակ լինելով «Պատմական Հայաստանի» հոգեբանության և ավանդույթի կրող, միայն 2022 թվականի արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առանցքային գործոնը արհամարհված է, և մեր պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել, և այդ գործոնը ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքը:

Միայն 2022-ի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա և միանշանակ համոզվեցի, որ ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում, և այդ պահից փաստացի քաղաքական և հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որ կարելի է անվանել «սահմանազատման գործընթաց Իրական Հայաստանի և Պատմական Հայաստանի միջև»:

«Իրական» և «Պատմական» Հայաստանների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը, իմիջիայլոց, ավելի հեշտ չի ընթանում, քան ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացը:

Եթե անկեղծ ասեմ, «Իրական Հայաստանի» և «Պատմական Հայաստանի» միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում, նաև այն պատճառով, որ նաև այս սահմանազատումը տեղի է ունենում մեզանից յուրաքանչյուրի ներսում, և ի հայտ է բերում անսպասելի շերտեր ու նրբերանգներ: Ըստ այդմ՝ «Պատմական Հայաստանը» չի ճանաչում «Իրական Հայաստանի» տարածքային ամբողջականությունը, որովհետև «Իրական Հայաստանի» տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է «Պատմական Հայաստանի» համար, և նրան դրսևորվելու հնարավորություն չի տալիս: Այս առումով, կամա թե ակամա, «Պատմական Հայաստանը» ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն «Իրական Հայաստանի» ինքնիշխանության, անկախության, տարածքների նկատմամբ, որովհետև «Իրական Հայաստանի» տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանը նույնկերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ