Պատերազմը դադարեցնելու հայտարարությունը ստորագրվել է՝ հաշվի առնելով հետագա զարգացումների ռիսկերն ու վտանգները. Ավինյան

Հրաչ Սահակյան 10.11.2020 - 21:37
10.11.2020 - 21:37 դիտում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության տակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի, իրավիճակին տիրապետող այլ մարմինների ղեկավարների հետ քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով հետագա զարգացումների ռիսկերն ու վտանգները: Ավինյանն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերության եթերում:

«Այն հայտարարությունը, որ համաձայնեցվել է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև, ստորագրվել է մի պարզ պատճառով, և այդ պատճառներին անդրադառնալու համար ես չեմ անդրադառնա արցախյան հակամարտության 30-ամյա դիվանագիտական և ռազմական բոլոր խնդիրներին: Ես կսկսեմ այն կետից, որ կետից սկսվեց պատերազմը: Սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին սկսեց հրթիռային և հրետանային հարվածների ենթարկել ամբողջ առաջնագիծը, Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և վարչապետը Ազգային ժողովում շատ հստակ արձանագրեց, որ նախկինում բանակցված բոլոր փաստաթղթերով, առաջարկվող բոլոր լուծումներով իրեն առաջարկվում է մի տարբերակ՝ առանց նախապայմանների 7 տարածքների վերադարձ: Կարծում եմ երեք խմբակցությունների կողմից էլ այդ առաջարկը մերժվեց, ընտրեցինք պատերազմելու ճանապարհը, արժանապատվորեն պատերազմելու ճանապարհը: Եվ ուզում եմ արձանագրել, որ 40 և ավելի օրերի ընթացքում անհամաչափ, անհամեմատելի ուժերի դեմ հայոց բանակը իրապես հերոսական կռիվներ է մղել: Ճակատում որևէ կետ չի եղել, որ հարաբերական հանգիստ լիներ, 100 քառակուսի մետր տարածություն չի եղել, որ հրետանային կամ հրթիռների հարվածների չի ենթարկվել»,- մանրամասնեց Ավինյանը:

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, այս օրերի ռազմական գործողությունների տրամաբանությունը բերեց մի հանգրվանի, որտեղ կար վտանգ Ստեփանակերտի նկատմամբ ռազմական գործողությունների իրականացման և կազմակերպվում էր Ստեփանակերտի պաշտպանությունը, որը իր հետևից կբերեր այլ պոտենցիալ խնդիրների Մարտունու շրջանում, Ասկերանի շրջանում և ռազմաճակատի մնացած հատվածներում: Սա ցավալի և կարելի է ասել պարտադրված որոշում էր, որը վարչապետը կայացրել է, խորապես քննարկելով և գլխավոր շտաբի պետի հետ և ՊՆ նախարարի հետ, Արցախի նախագահի հետ, այլ մարմինների ղեկավարների հետ, որոնք տիրապետում էին իրավիճակին: Այս որոշումը չի կայացվել հապճեպ, այնուամենայնիվ, այս որոշումը կայացվել է հետագա զարգացումների բոլոր վտանգներն ու ռիսկերը գնահատելով: Մենք պետք է գիտակցենք, որ այն ուժը, որին հայոց բանակը դիմակայել է, չի եղել միայն Ադրբեջանը: Դա եղել է թուրքական հրամկազմը, դա եղել են բերված ահաբեկիչները և անթիվ անսահման, զրահատեսակները, որոնք ուղղակի թափվել են Արցախի գլխին»,- նշեց Տիգրան Ավինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ