Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը

30.10.2022 - 12:06 դիտում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Անն-Լորանս Պետելի գլխավորությամբ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը։ Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության երաշխիքները։
Պաշտպանի խոսքով՝ հաստատությունը ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված է որպես անկախ հաստատություն և ունի հանրային վստահության բարձր մակարդակ։
Գրիգորյանը ֆրանսիացի պատգամավորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի (սեպտեմբերի 13-15) արդյունքում ստեղծված իրավիճակը, հետևանքները, զրուցակիցներին է ներկայացրել արձանագրված փաստերի հիման վրա ՄԻՊ-ի արտահերթ զեկույցները:
Խոսել է վերադարձած հայ ռազմագերիների, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ կին զինծառայողներին թիրախավորելու, խոշտանգելու և այլ անմարդկային վերաբերմունքի դեպքերից, Ադրբեջանում համատարած արմենոֆոբիայի մասին. «Մենք գնում ենք յուրաքանչյուր փաստի հետևից, դրանք ներկայացվում ենք միջազգային իրավասու կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցիչներին»,- նշել է Քրիստիննե Գրիգորյանը։ Պաշտպանը նաև կարևորել է քաղաքական մարմինների կողմից, ինչպիսին Ֆրանսիայի խորհրդարանն է կամ Եվրոպական պառլամենտը, նման հանցագործություններին հստակ քաղաքական գնահատական տալը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, ով իր խոսքում կարևորել է տարբեր հարթակներում հայ-ֆրանսիական համագործակցությունը։
Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ Պաշտպանի կողմից ներկայացված հարցերի վերաբերյալ Ֆրանսիական խորհրդարանի կողմից բանաձև է պատրաստվում առաջիկայում ընդունման համար։
Հանդիպման ավարտին Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ պատվիրակության անդամներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, ապա փոխանցել Պաշտպանի հրապարակած արտահերթ զեկույցները։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ