Պանամայի քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են այցելել Հայաստան

Աննա Կոստանյան 7.09.2023 - 14:52
7.09.2023 - 14:52 դիտում

Գործադիրն ընդունել է որոշում, որով կթույլատրվի Պանամայի Հանրապետության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Այն կնպաստի Հայաստանի և Պանամայի միջև քաղաքացիների այցելությունների և զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի խթանմանը:

Ըստ հիմնավորման՝ Հայաստանի և Պանամայի հետ մուտքի վիզային ռեժիմի վերացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Պանամայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման որոշմանը։ Պանամայի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը մոտ 40 պետությունների, այդ թվում նաև Հայաստանի պարագայում։ ՀՀ-ն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի վիզայի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության և Էկվադորի Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի Հանրապետության հետ:

Աշխատանքներ են տարվում Պերուի հետ բոլոր տեսակի անձնագրերի պարագայում վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ: Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ