Չենք կարողանում գնահատական տալ, օրենքով սահմանափակում ունենք. ՀՀ ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը կալանավորելու դեպքի մասին

17.07.2025 - 13:58 դիտում

Կոնկրետ գործերով կալանքի հետ կապված հարցերին մենք չենք կարողանում գնահատական տալ, քանի որ օրենքով հստակ սահմանափակում ունենք: Այն բոլոր դեպքերում, երբ որոշումը դատարանի կողմից է կայացվում, Մարդու իրավունքների պաշտպանը որևէ կերպ չի կարող միջամտել կոնկրետ գործին և դատավորի լիազորությունների իրականացմանը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու դեպքին:

«Երբ ստանում ենք տեղեկատվություն, որ տեղի է ունեցել այսպիսի դեպք, որ ազատությունից զրկվել է կին, որն ունի անչափահաս երեխա, մանկահասակ երեխա, բնականաբար, մեզ համար սա կարևոր տեղեկատվություն է, որը պետք է դառնա մեր ուշադրության հիմնական առարկան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ միաժամանակ պետք է հասկանալ՝ ազատությունից զրկված կանայք, որոնք ունեն անչափահաս երեխաներ, կան թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս:

«Այս պարագայում մեր տեսանկյունից առաջին հերթին կարևոր է այն հարցը, թե ինչ պատճառով է դատարանը նման որոշում կայացրել: Թեպետ, անկեղծ պիտի լինեմ, նույնիսկ այս դեպքում մենք չենք կարող որոշումը հրապարակային քննարկել, որովհետև արգելք ունենք սահմանված»,- ասաց նա՝ խոստանալով, որ փորձելու են իրավունքների պաշտպանություն իրականացնել՝ այլ գործիքակազմեր կիրառելով:

Ըստ ՀՀ օմբուդսմենի՝ երբ ձեռքի տակ չկա դատարանի որոշումը, կալանքի հարցին չեն կարող անդրադառնալ:

«Հետևաբար, այս պահի դրությամբ խոսում ենք այն խնդիրների մասին, որոնց կարող ենք անդրադարձ կատարել: Բնականաբար, հետագայում խոսելու ենք այն բոլոր խնդիրների մասին, որոնց հետագա փուլերում կարող ենք անդրադառնալ»,- ասաց նա:

ՄԻՊ-ը նաև տեղեկացրեց, որ Աբովյան ՔԿՀ-ում կա ազատությունից զրկված կին, որն իր երեխայի հետ է պատիժը կրում, միաժամանակ խնդրեց երեխային խոցելի չդարձնել տեսանյութերի տարածման միջոցով:

Նախօրեին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել էր «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: Նախարարը նշել որ, որ երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո:

Ավելի վաղ դեպքի հետ կապված ՀՀ օմբուդսմենը հայտարարություն էր տարածել, որ քաղաքացու և երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը նրա անմիջական ուշադրության կենտրոնում են, և որ ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ արդեն իսկ ձեռնարկվել և ձեռնարկվում են համապատասխան քայլեր անձանց իրավունքների երաշխավորման, այդ թվում` երեխայի խնամքի տրամադրման հարցի առնչությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ