Ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է. ՀՀ ՄԻՊ

Աննա Կոստանյան 5.05.2022 - 17:47
5.05.2022 - 17:47 դիտում

Այսօր Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է և որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ՝ նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հաղորդագրության մեջ:

«Ֆիզիկական, հոգեկան և այլ տեսակի բռնությունից երեխայի պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու են ինչպես ծնողները և օրենքով երեխայի համար պատասխանատու անձինք, այնպես էլ կրթության պատասխանատուներն ու մանկավարժները։

Կարևոր է նաև արձանագրել, որ ոլորտի քաղաքականության պատասխանատու մարմին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքը չի ուշացել։ Սակայն անհրաժեշտ են նաև համակարգային միջոցառումներ թե՛ մանկավարժների ու վարչական աշխատողների՝ երեխայի իրավունքների թեմաներով մասնագիտական պատրաստումը խթանելու, և թե՛ երեխայակենտրոն ու երեխայազգայուն մոտեցումները կրթության կազմակերպման գործելակերպերում ամրապնդելու համար։
Որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի մշտադիտարկման ազգային մեխանիզմ և երեխաների իրավունքների խախտումների կանխարգելման ու պաշտպանության մարմին՝ Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու, որ կոնկրետ դեպքով մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն, և այս մասով պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից»,- նշված է տեքստում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ