Ունենք նոր պատմական ռեկորդ՝ 706 հազար աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 21.04.2023 - 18:19
21.04.2023 - 18:19 դիտում


Ընդհանուր առմամբ ընդդիմության մեր հարգելի գործընկերների միտումն է ցույց տալ, որ Կառավարության ներկայացրած զեկույցը, ըստ էության, մի փաստաթուղթ է, որի մեջ ընդգծված ձեռքբերումները Հայաստանի քաղաքացիները չեն զգում: ԱԺ-ում Կառավարության 2022-ի ծրագրի կատարման զեկույցի քննարկման եզրափակիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստան» խմբակցությոան ղեկավարը հենց այդպես էլ ասաց, բայց պիտի արձանագրեմ, որ բացարձակապես համաձայն չեմ, որովհետև ընդհակառակը՝ սա այն դեպքն է, որ մեր նշած ցանկացած տող ՀՀ կոնկրետ քաղաքացին չի կարող պարզապես չզգալ»,- ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ վերջին 5 տարում կառուցված, հիմանորոգված, նորոգված 2500 կմ ճանապարհներով քաղաքացին չի կարող չերթևեկել և չի կարող չնկատել դա: «Չի կարող չնկատել, որ հենց ընտանեկան բյուջեի միջոցները, որոնք նախկինում ավտոմեքենա նորոգելու վրա էին ծախսում, հիմա գուցե ծախսում են այլ կարիքների վրա: Չեն կարող ՀՀ քաղաքացիները չնկատել 437.568 դեպք առողջապահական լրացուցիչ ծառայությունը, որը ստացել են ՀՀ առողջապահական հիմնարկներում: Դա դեկլարացիա չէ, դա մարդիկ են, որոնք կոնկրետ ստացել են այդ ծառայությունները և՝ բյուջեի հաշվին: Չի կարող ատեստավորված ուսուցիչը չնկատել, որ իր աշխատավարձը կրկնապատկվել է, մենք բոլորս չենք կարող չնկատել, որ ՀՀ-ում կա ուսուցիչ, որը ստանում է 400-450 հազար դրամ աշխատավարձ: Սա մի իրողություն է, որ երբեմնի ֆանտաստիկայի ժանրից է: Չեն կարող ՀՀ 29 հազար քաղաքացիները չնկատել՝ 2022 թվականի ընթացքում Կառավարությունից ստացել են 35 մլրդ դրամ՝ բնակարաններ ձեռք բերելու համար: Չեն կարող գիտնականները չնկատել, որ իրենց աշխատավարձը բարձրացել է 66-166 տոկոսով: Չեն կարող չնկատել մարզիկները, որոնք ստանում են Կառավարության աջակցությունը: Չեն կարող ավելի քան 700 հազար աշխատողները չնկատել, որ իրենց միջին աշխատավարձը 2021-ի համեմատ 2022 թվականին ավելացել է 31.528 դրամով: Մեր ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ հազարավոր քաղաքացիներ սոված են քնում, կարող է լինել և կա այդպիսի բան, բայց մենք ասում ենք, որ աշխատաշուկայում հազարավոր թափուր աշխատատեղեր կան, և ես ավելին ասեմ. մի քանի ժամ առաջ հրապարակվել է աշխատատեղերի վերաբերյալ ցուցանիշը, և մենք ունենք նոր պատմական ռեկորդ՝ 706 հազար աշխատատեղ. նախկինը 704 հազար էր: Այս տարվա մարտին մենք, նախորդ տարվա մարտի նկատմամբ, ունենք 51 հազարով ավելի աշխատող. սրանք այն մարդիկ են, որոնք գուցե այլևս սոված չեն քնում, որովհետև գուցե աշխատում են և ստանում են աշխատավարձ»,- ասաց Փաշինյանը և ավելացրեց՝ բիզնեսը չի կարող չնկատել, որ 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, առևտրաշրջանառությունը 2 տրիլիոն դրամով աճել է: «Այդ գումարը փոքր բիզնեսի, միջին, մեծ բիզնեսի գրպանն է գնացել: Սրանով են աշխատատեղեր ստեղծվել»,- նշեց վարչապետը:

Նա նաև ընդգծեց, որ այսօր բացառված է իշխանությունների հետ հատուկ հարաբերությունների շնորհիվ հարկ չվճարելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ