Ուկրաինան հարված է հասցրել Վոլգոգրադի «Տիտան-Բարիկադի» ռազմական գործարանին

27.06.2026 - 16:04 դիտում

Հունիսի 27-ի գիշերը Վոլգոգրադում օդային հարձակման հետևանքով վնասվել է «Տիտան-Բարիկադի» ռազմական գործարանը, հաղորդում են Astra և Exilenova+ Telegram-ալիքները՝ հղում անելով բաց աղբյուրների վերլուծությանը և տեղի բնակիչների հաղորդագրություններին։

Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ քաղաքի Կրասնոօկտյաբրսկի շրջանում վնասվել են ձեռնարկություններից մեկի արտադրական օբյեկտները՝ չնշելով դրա անվանումը։

Exilenova+-ը հրապարակել է տեսանյութ, որում, ենթադրաբար, երևում է գործարանին հարվածած հրթիռի թռիչքը։ Astra-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ այն կարող էր լինել ուկրաինական հեռահար «Ֆլամինգո» թևավոր հրթիռ։

Ուկրաինական Fire Point ընկերության համասեփականատեր և գլխավոր կոնստրուկտոր Դենիս Շտիլերմանը X սոցիալական ցանցում հրապարակել է հրթիռի արձակման տեսանյութ՝ ակնարկելով, որ հարվածն իրականացվել է «Ֆլամինգո» հրթիռով։

Վոլգոգրադի մարզային իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն տասը մարդ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Իշխանությունները նաև հայտնել են, որ առաջացած հրդեհներն արագ մարվել են, իսկ բնակելի շենքերը չեն վնասվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ