Որտեղ հնարավոր է՝ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի. Փաշինյան

Անի Հովհաննիսյան 29.09.2022 - 12:00
29.09.2022 - 12:00 դիտում

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Երեկ հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն էին իրականացրել, և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է: Ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են ՀՀ տարածքում:

Սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքն օկուպացված է: Մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսվել Հայաստանում: Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել ԶՈՒ բարեփոխումները:

«Բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով: Որտեղ հնարավոր է՝ նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի:

Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ-ի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա ցավալի իրողություն է: Մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը, բայց ամեն դեպքում ուզում եմ ընդգծել նաև, որ մենք պիտի խորապես արձանագրենք և հասկանանք ևս մեկ բան, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, մեր ինքնիշխանությունից, մենք մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք:

Ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Փառք բոլոր այն հերոսներին, ովքեր կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ