Որպես հայ՝ ես հատկապես զգայուն եմ նման հարցերի նկատմամբ. Քիմ Քարդաշյանը՝ իսրայելա-պաղեստինյան լարվածության մասին

Աննա Կոստանյան 12.10.2023 - 15:15
12.10.2023 - 15:15 դիտում

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակման ֆոնին, աջակցություն է հայտնել իր հրեա ընկերներին՝ ասելով, որ նրանք մենակ չեն, և այդ համատեքստում հիշեցրել է հումանիտար ճգնաժամի մասին, որի առաջ կանգնել են Արցախից բռնի տեղահանված հայերը։

Քարդաշյանը Instagram-ում արած հրապարակման մեջ նշել է, որ վերջին օրերին իրեն մեծ ցավ են պատճառել «ամբողջ աշխարհի աչքերի առջև ահաբեկված և սպանված երեխաների և ընտանիքների տեսանյութերը»։

Նշելով, որ դաժան ահաբեկչության պատճառով տառապում և մեծ գին են վճարում թե՛ իսրայելցիները և թե՛ պաղեստինցիները՝ Քարդաշյանը նաև հիշատակել է Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, ինչպես նաև այժմ Ադրբեջանում պահվող ռազմագերիներին։

«Որպես հայ՝ ես հատկապես զգայուն եմ նման հարցերի նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին, և հիմա՝ ամիսների շրջափակումից հետո, որին լրատվամիջոցներում նվազագույն անդրադարձ եղավ, և չեղավ ոչ մի արտաքին աջակցություն, հայերն Արցախում էթնիկ զտման զոհ են դարձել։ Այս պահին նրանք նույնպես տառապում են ծայրահեղ մարդասիրական ճգնաժամից, և դեռ կան պահվող ռազմագերիներ և անհետ կորածներ», – գրել է Քարդաշյանը։

Ամերիկահայ աստղը հավելել է․ «Անկախ նրանից, թե ում կողմից եք և ինչպես են ձեզ վրա ազդել վերջին մի քանի օրերի սարսափները, մենք սրտերում միշտ պետք է կարեկցանքի տեղ գտնվի այն անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք դարձել են իշխանության, քաղաքականության, կրոնի, ռասայի և ազգային պատկանելության պատճառով պատերազմողների զոհը»։

Նա նշել է, որ թեև անձնապես ոչինչ չի կարող անել մարդկանց ցավը մեղմելու համար, սակայն ինքն ու իր ընտանիքն աղոթում են գերիների վերադարձի, զոհվածների հանգստության և պատասխանատուներին արդադատության առաջ բերելու համար:

Нет описания.Нет описания.Нет описания.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ