Ոչ ոք այնքան շահագրգռված չէ ԼՂ հակամարտության կարգավորմամբ, որքան՝ Ռուսաստանը. Վլադիմիր Պուտին

Հրաչ Սահակյան 22.10.2020 - 21:13
22.10.2020 - 21:13 դիտում

1lurer.am.  Ոչ ոք ավելի շատ շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, որքան՝ Ռուսաստանի Դաշնությունը: Այս հակամարտությունը տեղի է ունենում մեր բարեկամների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի շրջանակում՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Մեզ համար սա հատուկ իրավիճակ է: Խումբը ստեղծվել է 92-ին, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Մեզ վրա է դրված բանակցային գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ գործընթացի բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են այն բանին, որ իրավիճակը կարգավորվի: Սակայն դրանում ոչ ոք այնքան շահագրգռված չէ, որքան՝ Ռուսաստանը»,- հայտնել է ՌԴ նախագահը:

Կրեմլի ղեկավարն անդրադարձել է նաև Արցախում ընթացող ռազմական գործողություններին ու երկու կողմերի մեծաթիվ զոհերին:

«Մեր տվյալներով՝ յուրաքանչյուր կողմից ավելի քան 2 հազար զոհ կա, զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի։ Աֆղանստանում պատերազմի 10 տարիների ընթացքում խորհրդային բանակում զոհվել է 13 հազար մարդ, իսկ այստեղ այս կարճ ժամանակահատվածում՝ մոտ 5 հազար»,- ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ իրենց մոտեցումները Թուրքիայի հետ չեն համընկնում։ Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է՝ եթե 30 տարվա բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ հաջողություն չեն գրանցել, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել։ Պուտինը նաև նշել է, որ նախկինում ղարաբաղյան հակամարտությունը մեկնարկել է հայ ժողովրդի դեմ տեղի ունեցած դաժան հանցագործություններով։

Հեղինակ`Մարի Կոստանյան
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ