Ոչ թե աշխատանքից է կախված` ինչպիսի կերպար կձևավորի կինը, այլ հենց կնոջից. Աննա Հակոբյան

8.04.2023 - 14:51 դիտում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ` ապրիլի 7-ին անցկացվել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողով: Հյուրերի շարքում են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, կառավարության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, մարզային իշխանությունների և ՏԻՄ ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների մայրեր, գործարար կանայք:

Բացման խոսքով հանդես է եկել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, բոլոր կանանց շնորհավորել մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Կնոջ դերի ու տեղի, հնարավորությունների ու խոչընդոտների մասին մանրամասն անդրադարձ էր եղել նույն խորագրով նախորդ քննարկմանը, ընդգծել է Աննա Հակոբյանը և վստահեցրել, որ առաջիկայում դեռ շատ առիթներ կլինեն դրա մասին խոսելու, քանի որ նման խորագրով համաժողովներ հաճախ են լինելու և բոլոր մարզերում:

Վարչապետի տիկինն առաջարկել է շեշտը քննարկումների վրա դնել, քանի որ փոխադարձ շփումը կօգնի բազմաթիվ հարցերի պատասխաններ, լուծումներ գտնել:

«Ես գտնում եմ, որ բոլորս պետք է քննարկենք և լավագույն լուծումները գտնենք՝ մեզ համար, մեր երեխաների, մեր պետության համար: Հայ կնոջ դերն ինձ համար կարևոր է առաջին հերթին պետության տեսակետից: Գտնում եմ, որ հարյուրամյակներ մենք թերացել ենք, և այն, ինչ երեխաներին սովորեցնում են դպրոցում կամ ընտանիքներում, ընդամենը խոսքեր են և չեն բխում մեր իրական կյանքից»,- ասել է Աննա Հակոբյանը:

Ըստ վարչապետի տիկնոջ` նմանատիպ քննարկումները պարզապես խոսելու հարթակի վերածելու փոխարեն պետք է ծառայեցնել որպես խնդիրները գտնելու, լուծելու, յուրաքանչյուրն ինքն իրեն փոխելու միջոց: Աննա Հակոբյանը իր ելույթում անդրադարձել է նաև կանանց ընձեռված հնարավորություններին, օրինակ բերել պարեկային ծառայությունը և հիշեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ պարեկային ծառայության թափուր հաստիքները պետք է համալրվեն կանանցով:

Սա հնարավորություն է ծառայել պետությանը, հանրությանը, համայնքին, ընտանիքին, և կարծել, թե անվտանգության ապահովումը կանանց հարիր աշխատանք չէ, կարծրատիպային խոսույթ է, ընդգծել է վարչապետի տիկինը:

«Ցանկացած կին կարող է կատարել ցանկացած աշխատանք, և ոչ թե աշխատանքից է կախված, թե ինչպիսի կերպար կձևավորի կինը, այլ հենց կնոջից»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հայաստանը պետք է թևակոխի երջանկության, ապահովության, անվտանգության ժամանակաշրջան, որտեղ կանայք պարտավոր են լինել երջանիկ և կիսել երջանկությունը ընտանիքի, հարազատների, պետության հետ: Այս գործում շեշտը պետք է դնել կանանց վրա, մանրամասնել է Աննա Հակոբյանը:

Եվ վստահաբար բոլորն են գիտակցում, թե ում և ինչի համար պետք է իրագործել այս ամենը: «Բոլորս հասկանում ենք, թե ինչ են նշանակում Հայաստանի հիմնի վերջին տողերը, և բոլորս պարտական ենք այն մարդկանց, որոնք հավատացել և անմահացել են հանուն այդ տողերի: Հանուն նրանց` մենք պարտավոր ենք գործել»,- ընդծել է վարչապետի տիկինը:

Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ընդգծել, որ փորձում է օգնել երիտասարդ աղջիկներին՝ կայանալ իրավապահ համակարգում, բայց աջակցությանը զուգահեռ չի մոռանում բոլորին տեղեկացնել՝ այս ոլորտում աշխատանքը շատ է, աշխատասիրությունը` պարտադիր:

Աննա Վարդապետյանի խոսքով` վերջին շրջանում թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային կառույցների զեկույցներում հաճախ լսելի է դարձել «Ատելության խոսք» եզրույթը: Գլխավոր դատախազը հիմա իր ոլորտում փորձում է բոլորին մի պարզ կանոն սովորեցնել՝ հարգել դիմացինին և ոչ միայն խոսքով, այլև վերաբերմունքով: Տղամարդկանց ու կանանց հորդորել է չշահարկել սեռի գործոնը:

Աննա Վարդապետյանը մտաբերերել է նաև գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցը, թե ի՞նչ դատախազություն է վերադարձնելու Վարդապետյանը պաշտոնավարումից հետո. պատասխանել է՝ ավելի պրոֆեսիոնալ, ավելի ազդեցիկ ու կանանցով համալրված դատախազություն:

Հաջորդ ելույթը ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանինն էր: Նա հերոսի մայր է, որդին անմահացել է 44-օրյա պատերազմում: Շնորհավորելով ներկաներին ապրիլի 7-ի կապակցությամբ` դատական իշխանության ներկայացուցիչն ընդգծել է՝ այսօր կնոջ դերը մեծ է, առավել, քան երբևէ, քանի որ վտանգված է խաղաղությունը: Հիմա պետք է վայր դնել պատերազմի գործիքները և աշխատեցնել խաղաղության գործիքները, հանդուրժող լինել և սիրել միմյանց: ԲԴԽ անդամը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը դառնալու է այն երկիրը, որի շուրջ պտտվելու է աշխարհը, և մեր երկրի 1 քմ հողը ամենաթանկն է լինելու, և բոլորը ցանկանալու են ապրել ու աշխատել Հայաստանում:

Որքանով են կանայք ակտիվ և ներգրավված անվտանգության, իրավական ոլորտներում, քաղաքականությունում, զինված ուժերում: Ինչպիսի միջավայրում են կատարում իրենց աշխատանքը, ինչպես են համադրում աշխատանքն ու ընտանիքը, որքանով են տղամարդիկ կիսում ընտանիքի հոգսերը. այս թեմաներին է իր ելույթում անդրադարձել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով` ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատող կինը «տնային գործերի» վրա ծախսում է շաբաթական 27.5 ժամ, զբաղվածություն չունեցող կինը՝ 37.5 ժամ: Տղամարդը, անկախ նրանից` աշխատում է, թե ոչ, այդ նույն գործերի վրա շաբաթական 11 ժամ է ծախսում:

Քրիստիննե Գրիգորյանը մանրամասնել է` նմանատիպ խնդիրները միայն Հայաստանը չեն բնութագրում, աշխարհի 104 երկրում օրենքով կամ հիմնավոր պրակտիկայով կանանց վերաբերյալ սահմանափակումներ են գործում՝ որոշ տեսակի աշխատանքներով զբաղվելու համար: Օրինակներ է բերել՝ գնացք, նավ կամ ավտոբուս վարելը: Ըստ Գրիգորյանի` օրինակները շատ են, բացատրությունները բացակայում են: Կանայք ձգտում են կատարելության, ինչը զարգացման ու զորացման շարժիչն է, սրան գումարվում է կնոջ սկզբունքային մոտեցումը՝ ցանկացած խոչընդոտ հնարավոր է հաղթահարել՝ նշել է Քրիստիննե Գրիգորյանը:

Ելույթներին հաջորդել են 5 պանելային քննարկումները՝ «Կանայք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում», «Կանայք աշխատաշուկայում. առավելություն, թե դժվարություն», «Իրավունքների ապահովման գործընթացը տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից», «Կանայք և խաղաղությունը» խորագրերով: Վերջին պանելային քննարկումը ինտերակտիվ շփում էր դահլիճի հետ, որի ընթացքում հարց ու պատասխաններ են հնչել: Պանելային քննարկումները վարել են ՀՀ ԱԺ կին պատգամավորները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ