Ողջունում ենք Հայաստանի հետ մերձեցումը, կոչ ենք անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Եվրոպական խորհրդարանն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը

Աննա Կոստանյան 8.06.2022 - 10:49
8.06.2022 - 10:49 դիտում

Եվրոպական խորհրդարանը 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը, որում անդրադարձ է արվել նաև Հայաստանի ու Հայոց ցեղասպանությանը:

«Եվրոպական խորհրդարանը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին մերձեցումը` կապված երկկողմ շփումներ սկսելու որոշման, հատուկ ներկայացուցիչների նշանակման և երկու երկրների միջև թռիչքների վերսկսման հետ: Այս փորձը համարում ենք խիստ դրական զարգացում, որը դրականորեն է ազդում տարածաշրջանի բարգավաճման և անվտանգության վրա: Խրախուսում ենք երկու կողմերին շարունակել այդ ջանքերը՝ իրենց հարաբերությունները լիովին կարգավորելու նպատակով և կոչ ենք անում ԵՄ-ին ակտիվորեն աջակցել այս գործընթացին։

Խրախուսում ենք Թուրքիային ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման, ներառյալ Հայոց ցեղասպանության վեճը լուծելու համար, և լիովին հարգել հայկական և այլ մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները: Հույս ենք հայտնում, որ դա կարող է հանգեցնել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման դինամիկայի: Եվս մեկ անգամ խրախուսում ենք Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ակտիվացնել ջանքերը այդ երկրում հայերի և այլ փոքրամասնությունների ծանր վիճակի արդյունավետ կարգավորման ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ