Խորհրդարանում գտնվող ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին ռուսական կողմի ակնարկների մասին գազի հնարավոր թանկացման վերաբերյալ, հետաքրքրվեցին՝ արդյոք կան քննարկումներ դրա վերաբերյալ, և ո՞րն է ռուսական գազի այլընտրանքը Հայաստանի համար:
Նրա խոսքով՝ բոլոր հնարավոր՝ տնտեսական, անվտանգային հարցերում Հայաստանն ընտրել է, ընտրելու է այլընտրանքներ, բալանսներ, և այդ մարտավարությունը շարունակվելու է:
Լրագրողների հարցին՝ որ երկրից, Սիմոնյանը պատասխանեց՝ բոլոր հնարավոր, իսկ ճշտող հարցին՝ կա՞ արդյոք օրակարգում այդ հարցը, ասաց. «Օրակարգում կա այնքանով, որքանով հրապարակային արձագանքները և մեջբերումները դուք լսում եք»:
Հարցին՝ արդյոք ճի՞շտ է ռուսական ասեղից դուրս գալ և նստել ադրբեջանական ասեղի վրա, Սիմոնյանն ընդգծեց՝ ընդհանրապես ասեղով չի կարելի ապրել:
«Ո՞վ ասաց, որ մենք ինչ-որ մի երկրից կախվածությունը պատրաստվում ենք փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ: Մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր տեղերից. եթե Ռուսաստանը մեզ գազ տա՝ Ռուսաստանից առնենք, եթե Ադրբեջանը տա՝ Ադրբեջանից առնենք, եթե Իրանը տա՝ Իրանից առնենք, եթե Թուրքիան՝ Թուրքիայից՝ միևնույն ժամանակ»,- ասաց Սիմոնյանը:
Դիտարկմանը, թե ռուսական գազն ավելի էժան է, ԱԽ քարտուղարը ասաց՝ ով ասաց, թե ավելի էժան է:
«Իսկ ո՞վ ասաց, որ գազի գինը մենակ դոլարով է չափվում: Տեսնում եք, որ ինքն օգտագործվում է որպես քաղաքական արժույթ: Իսկ բենզինը ավելի էժան էր որտեղից բերել, իսկ հիմա որտեղի՛ց են մեր բենզալցակայաններում բենզին լցնում: Ասեմ ավելին, Ռուսաստանում հիմա ընդհանրապես բենզին չկա: Ո՞րն է ավելի լավ: Էն երկրում, որը բենզին է արտահանում, բենզին չկա: Մեր երկիրը երկու կողմից դեռ գտնվում է փակ վիճակում, և մենք հնարավորություն ենք ստեղծել մեր հարևան երկրից նավթամթերք գնելու և մեր պահանջները բավարարելու»,- նշեց նա:
