Շտապ անհրաժեշտ է վերականգնել Ստեփանակերտի գազամատակարարումը․ Եվրամիություն

Աննա Կոստանյան 23.03.2022 - 16:11
23.03.2022 - 16:11 դիտում

Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախում կրկին գազի մատակարարումը դադարեցնելու խնդրի առնչությամբ, կոչ արել թույլ տալ վերսկսել գազամատակարարումը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն:

«ԵՄ-ն մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման վերստին անջատմամբ: Շտապ անհրաժեշտ է վերականգնել մատակարարումը տեղի տուժած բնակչությանը»,-գրել է Ստանոն:

Նա ընդգծել է՝ ԵՄ-ն կոչ է անում իշխանություններին, որոնք վերահսկողություն ունեն, թույլ տալ դա՝ հատկապես ներկայիս եղանակի պայմաններում:

Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը՝ գազատար խողովակաշարի վնասման հետևանքով։ Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս հայկական կողմին, ռուս խաղաղապահներին մոտենալ խողովակին և վերականգնել գազամատակարարումը: Այնուհետև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը կատարել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներ: Արցախի իշխանություններն այնուհետև հայտնեցին, որ մարտի 21-ից Ադրբեջանի միջամտությամբ Արցախում կրկին դադարեցվել է գազի մատակարարումը: Արցախից հայտարարել են՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ