Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր. Այվազյան

Գոհար Ստեփանյան 6.05.2021 - 23:41
6.05.2021 - 23:41 դիտում
Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս։ Այդ մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին, պատասխանելով լրագրողի՝ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և խեղման մասին հարցին, ասել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Նա նշել է, որ ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաև պատմամշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման անհրաժեշտությանը։
«Մենք սերտորեն համագործակցում ենք UNESCO-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և լիահույս ենք, որ UNESCO-ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ։
Տեսեք, պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը, ընդհանրապես, նախ և առաջ, մարդու իրավունքների պաշտպանության մասին է, և պատահական չէ, որ դեռևս այս տարվա փետրվարի 2-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են իրենց՝ Ադրբեջանին ուղղված կոչով։ Իրենց նամակում նրանք ընդգծել են հոկտեմբերի 8-ին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի թիրախավորված ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը և միևնույն ժամանակ նրանք կարևորել են Մայր տաճարի վերակառուցման աշխատանքներում Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը։
Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, ավելին՝ նա միակողմանի կոպիտ միջամտությամբ ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների, հատկապես՝ ՄԱԿ-ի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի նորմերը։ Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի Մայր տաճարը, որը հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկն է, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»,- նշել է Այվազյանը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ