Շիրակն ու Լոռին նոր պարեկային ծառայողներ կունենան. ոստիկանական բարեփոխումներն ընդլայնվում են

Աննա Կոստանյան 26.07.2021 - 15:33
26.07.2021 - 15:33 դիտում

Հայաստանում Պարեկային ծառայությունը ընդլայնվում է: Շուտով նոր որակի ծառայություն կլինի Շիրակի և Լոռու մարզերում ևս: Կադրերի համալրման համար հայտարարվել է ընդունելություն-մրցույթ նշված երկու մարզերի համար: Դրանից բացի, Երևանում արդեն հուլիսի 7-ից գործող պարեկային ծառայողների թիվն է ավելանալու: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող- խորհրդական Ամալյա Հովսեփյան նշեց, որ գործընթացն առաջ է գնում փուլային տարբերակով: Առաջիկայում նոր որակի ծառայությունը լինելու է այլ մարզերում ևս:

«Ինչպես գիտեք, հուլիսի 7-ին Երևանում մեկնարկել է նոր Պարեկային ծառայությունը: Մոտ 700 պարեկային ծառայող այսօր արդեն մայրաքաղաքում իրականացնում է ծառայությունը: Պարեկային ծառայությունը պետք է մեկնարկի Հայաստանի մյուս մարզերում ևս: Հաջորդ փուլը կիրականացվի Շիրակի և Լոռու մարզերում, և 8-9 ամիս հետո այդ մարզերում նոր ծառայություն կլինի»,-ասաց Ամալյա Հովսեփյանը:

Արդեն հայտարարվել է մրցույթ 570 տեղի համարի: Շիրակի մարզի համար նախատեսված է 257 տեղ, որից 77-ն իգական սեռի համար: Լոռու մարզի համար նախատեսված է 258 տեղ, որից 77-ն իգական սեռի դիմորդների համար: Երևանում համալրումների նպատակով հատկացվել է 55 նոր տեղ, որից 16-ն իգական սեռի համար է: Ցանկացողները կարող են հուլիսի 26-ից իրենց փաստաթղթերը ներկայացնել ոստիկանության կրթահամալիր: Մրցութային փուլը ավարտվելու է հոկտեմբերին, արդեն նոյեմբերի 1-ից դիմորդները կանցնեն 5-ամսյա կրթության: Դասընթացներն անցկացվելու են ոստիկանության կրթահամալիրում: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը նշեց, որ ակնկալվում է դիմորդների ակտիվ մասնակցություն:

«Պարեկային ծառայության առաջին հոսքի ընդունելության համար հայտարարվել էր 770 տեղի համար մրցույթ: Մենք ունեցանք շուրջ 2500 դիմորդ: Այսինք՝ մեկ տեղի համար 3 դիմորդ էր մրցում: Ակնկալվում է, որ այսպիսի ակտիվություն կլինի նաև այս անգամ: Քաղաքացիական անձանց համար սահմանվել են հետևյալ պայմանները՝ կարող են դիմել 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն: Դիմորդները կանցնեն առողջական վիճակի հետազոտություն: Ընդունելության քննությունները լինելու են 3 փուլով՝ ֆիզիկական պատրաստվածություն, ընդհանուր զարգացվածության, մասնագիտական պիտանելիության ստուգում համակարգչային թեստավորման եղանակով, հարցազրույց, որի ընթացքում ստուգվելու է դիմորդների հոգեբանական նկարագիրը, զարգացվածության մակարդակը: Առավելագույն միավորներ հավաքածները կհրամանագրվեն՝ որպես սովորողներ»,-ասաց Միսակ Մարկոսյանը:

Ինչո՞վ է գրավիչ այս ոլորտը երիտասարդների համար և ի՞նչն է նրանց ձգում: Միսակ Մարկոսյանի խոսքով՝ գլխավոր գործոնը պարեկային ծառայության բարեփոխումների նոր խորհրդանիշ լինելն է, այդ գործին մաս կազմելն է, ինչպես նաև սոցիալական երաշխիքները՝ բարձր վարձատրություն, նյութատեխնիկական հագեցվածություն և այլն:

Թե որքան աշխատավարձ է նախատեսված պարեկային ծառայողների համար, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը չշտապեց մանրամասնել: Հիշեցրեց, որ աշխատանքները հուլիսի սկզբին են մեկնարկել և առաջին աշխատավարձները դեռ չեն փոխանցվել:

«Աշխատավարձերն ամսվա վերջ են փոխանցվում: Այս պահին ճիշտ չի լինի մանրամասն թվեր ներկայացնել, որովհետև տարբեր գործոններով պայմանավորված չափը կարող է տարբեր լինել, օրինակ, ստաժը, զբաղեցրած պաշտոնը և այլն: Թեպետ, մոտավոր կարող եմ ասել, որ ամենացածր աշխատավարձը լինելու է 230 հազար դրամ»,-ասաց նա:

Արթուր Ումրշատյանը շտապեց ընդգծել, որ աշխատավարձի պահը կարևոր է, սակայն անձնակազմի մոտիվացիան այնքան բարձր մակարդակի վրա է, որ դեռ ոչ մեկ հարց չի բարձրացրել այն մասին, թե իր աշխատավարձը որքան է լինելու:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ