Շիրակի մարզպետը ներկա է գտնվել «Ներառումը գործնականում» համաժողովին

Աննա Կոստանյան 23.11.2022 - 17:25
23.11.2022 - 17:25 դիտում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ներկա է գտնվել «Ներառումը գործնականում» համաժողովին, որն անցկացվել է Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար, ներառական, համապատասխան և որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում։
Նազելի Բաղդասարյանը ողջունելով համաժողովի կազմակերպիչներին՝ կարևորել է Հայկական Կարիտասի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք բերում են դրական փոփոխությունների, մասնավորապես ներառականության ոլորտում․ «Շիրակի մարզի 146 դպրոցները համընդհանուր ներառման են անցել դեռ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից։ Այո, գործընթացը կա, բայց երբ որ բովանդակային դետալների մեջ խորանում ես՝ տեսնում ես, որ շատ ու շատ խնդիրներ կան։ Առանձնահատուկ կերպով պետք է ընդգծեմ Կարիտասի և մեր մյուս գործընկերների, միջազգային կառույցների ջանքերը, որոնք պետության բեռը վերցնելով շարժվում են առաջ։ Գործընթացը շատ ու շատ խնդիրներ ունի։ Չնայած տարվող մեծածավալ աշխատանքին պետք է արձանագրենք, որ խնդիր ունենք՝ բավարար կերպով փորձառություն, մասնագիտացում էթիկական գիտելիքների պակաս ունեն նաև մանկավարժները, հաջորդ խնդիրը, որին բախվում ենք հասանելիությունը և մատչելիությունն է։ Պետք է արձանագրենք, որ ցանկացած պարագայում շարժվում ենք ճիշտ ուղղությամբ և անհրաժեշտություն կա աշխատանքներում ցուցաբերել սրտացավություն, հետևողականություն և ճիշտ վերահսկողություն։ Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի լինել հասարակության լիարժեք և լիիրավ անդամ և մենք՝ հանրային իշխանություններս, կոչված ենք այդ իրավունքն ապահովելու, պետությունը դրա երաշխավորն է»։
Համաժողովի նպատակն է կրթության մեջ ներգրավված տարբեր դերակատարների մասնակցությամբ վեր հանել կրթական ու հասարակական միջավայրերում առկա, ներառական գործընթացներին խոչընդոտող հիմնախնդիրները, հաջողված փորձը և մշակել առաջարկությունների փաթեթ՝ ներառելով խնդիրների լուծման համակարգային մոտեցումներ՝ ծրագրի երկրորդ փուլում ավելի թիրախավորված աշխատանքներ իրականացնելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ