Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀ

Աննա Կոստանյան 30.11.2020 - 15:25
30.11.2020 - 15:25 դիտում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրություն ժամանակ լայն սպառման ապրանքների իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ս.թ.սեպտեմբերի 27-ից սկսած խոշոր առևտրային ցանցերում՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» առևտրի կետերում, իրականացրել են ամենօրյա մշտադիտարկում շուրջ 31 ապրանքային խմբի գծով (շուրջ 106 ապրանքատեսակ)։ Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից։

Մշտադիտարկումների ընթացքում արձանագրված գնային բարձրացումների պատճառների բացահայտման, ինչպես նաև այդ թանկացումների հիմնավորվածությունը պարզելու և գնահատելու նպատակով Հանձնաժողովի կողմից իրականացվել է բազմակողմանի ուսումնասիրություն, միաժամանակ ուսումնասիրվել է նաև այդ ապրանքատեսակների միջազգային գների դինամիկան:

Հանձնաժողովի  կողմից դիտարկվել են նշված ապրանքների մանրածախ իրացման գները, համադրվել են նախորդ օրվա տվյալների հետ և գնային բարձրացումներ արձանագրվելու դեպքում առանձին ապրանքատեսակների գծով իրականացվել են ուսումնասիրություններ։ Բացի այդ, Հանձնաժողովը դիմել է ներմուծում և արտադրություն իրականացնող շուրջ 32 խոշոր ընկերությունների, ամենօրյա կտրվածքով հավաքագրել է շուրջ 20 ապրանքային խմբի (ներառում է 129 ապրանքատեսակ) մեծածախ իրացման գների և պաշարների մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն:

Գնային բարձրացումներ հայտնաբերելու դեպքում իրականացվել են մանրամասն ուսումնասիրություններ, օպերատիվ կարգով տնտեսվարող սուբյեկտներից պահանջվել են հիմնավորումներ և բացատրություններ, իրականացվել են համապատասխան հաշվարկներ, անհրաժեշտության դեպքում՝ կրկնակի դիտանցում։

Հանձնաժողովը մշտադիտարկումների արդյունքում մասնավորապես  արձանագրել էր, որ որոշ խոշոր առևտրային  ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել կիլոգրամով (չփաթեթավորված) իրացվող շաքարավազի իրացման գնի բարձրացում 6-7 %-ով, կիլոգրամով իրացվող «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակների կարագի իրացման գնի բարձրացում՝ մինչև 1%, արևածաղկի և եգիպտացորենի ձեթերի որոշակի տեսակների գների բարձրացում՝ 2-7 %-ով։

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ այդ ապրանքների իրացման գների բարձրացումն առավելապես պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով՝ ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ, միջազգային գների բարձրացմամբ և այլն:

Ուսումնասիրությունների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ