Շատ ինտենսիվ աշխատանք է արվում գերիներին վերադարձնելու ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 9.06.2021 - 12:34
9.06.2021 - 12:34 դիտում

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ երեկ մոլորված զինծառայողին ադրբեջանական կողմը վերադարձրել է:

«Ես սա շատ դրական քայլ եմ համարում և շատ կարևոր եմ համարում ընդհանրապես տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առումով, երկրորդ՝ գերիների խնդրի հետ կապված ես հայտարարություն եմ արել և այսօր էլ մեր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ հանկարծ չմտածեն, թե սա հուսահատ քայլ է՝ մեր գերիների խնդիրը լուծելու համար:

«Ուզում եմ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է արվում: Ես ուզում եմ վստահ լինեք, որ շատ-շատ ինտենսիվ աշխատանք է արվում, ընդ որում՝ մի քանի ուղղություններով»,- նշեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության թուլացմանը, վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ իրենց առաջարկը, որ արվել է, և որն ընդունվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից, Հայաստանը պատրաստ է ցանկացած պահ սկսել այդ առաջարկի իրագործումը:

«Առաջարկի էությունը հետևյալն է. քանի որ Ադրբեջանն ասում է, որ խնդիրը սահմանի ընդգծումն է, մենք առաջարկում ենք հետևյալը. երկու կողմն էլ հայելային եղանակով հետ են քաշում զորքերը, սահմանի երկայնքով կանգնում են ռուս սահմանապահները, և ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահության ներգրավմամբ սկսում ենք սահմանային գծի ճշգրտման աշխատանքները Սոթք-Խոզնավար հատվածում: Մենք ասել ենք՝ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի առաջարկը մեզ համար մերժելի չէ: Մենք հետևողականորեն աշխատելու ենք մի նպատակի ուղղությամբ՝ մեզ համար մեծագույն խնդիր է Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը: Իհարկե դա չի նշանակում, թե Հայաստանի և Արցախի շահերը կարող են զոհաբերվել այդ նպատակի համար: Մեկը մյուսին չի հակասում, ընդհակառակը՝ մեկը մյուսին շարունակում է»,- հավելեց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ