Շառլ Միշելը վաղաժամ կլքի իր պաշտոնը

7.01.2024 - 13:12 դիտում

Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը, ում մանդատի ժամկետը լրանում է 2024 թվականի նոյեմբերի վերջին, ասել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլքի իր պաշտոնը՝ զբաղեցնելու  պատգամավորի աթոռը։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։

Նախօրեին բելգիական Soir հրատարակությունը հայտնել էր, որ Միշելը Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում կարող է գլխավորել «Բարեփոխումների շարժում» բելգիական ազատական ​​կուսակցության թեկնածուների ցուցակը։

«Ես որոշել եմ մասնակցել 2024 թվականի հունիսին կայանալիք Եվրոպական ընտրություններին»,- ասել է Միշելը բելգիական առաջատար լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Նա պարզաբանել է, որ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը չի կարող զուգակցվել Եվրախորհրդարանի անդամի աշխատանքի հետ, ուստի նա հրաժարական կտա մինչև հուլիսի 16-ը` Եվրոպական նոր գումարման պատգամավորների երդման օրը:

Միշելը նաև ասել է, որ Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները հունիսի վերջին-հուլիսի սկզբին կհավաքվեն գագաթնաժողովի համար՝ ընտրելու Եվրոպական խորհրդի նոր նախագահին։ Նա հույս է հայտնել, որ իր իրավահաջորդը պաշտոնը կստանձնի ամռանը։ Հակառակ դեպքում Եվրոպական խորհրդի ղեկավարի գործառույթները կարող են փոխանցվել Հունգարիային, որն այս պահին նախագահելու է ԵՄ խորհուրդը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ