«Շանթ» ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ

Աննա Կոստանյան 4.03.2021 - 18:44
4.03.2021 - 18:44 դիտում

Այսօր՝ մարտի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում երկու հարց՝ ««Շանթ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» և ««Հիբրիդ սոլյուշսն» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» հարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից:

Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը ներկայացնելով օրակարգային առաջին հարցը նշեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «Ցայգ» ՍՊ ընկերության դիմում-բողոքը՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռում իրականացնող «Շանթ» ընկերության կողմից Շիրակի մարզում հանրապետական սփռման տեսալսողական ծրագրից տարբերվող, փոփոխված տեսալսողական ծրագիր հեռարձակելու փաստի վերաբերյալ։

Հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական վարույթ, որի համար հեռարձակողը ներկայացրել է ապացույցների վերաբերյալ դիմում, կցվելով դիմում-բողոքում նշված փաստերը հաստատող համապատասխան ապացույցներ (տեսաձայնագրություններ):

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողի տեսալսողական ծրագրերը 2021 թվականի հունվարի 24-ի դրությամբ Շիրակի մարզում հեռարձակվում են փոփոխված, այն է՝ հիմնական ծրագրի մեջ ներառված հաղորդումները փոխարինվում են այլ հաղորդումներով:

Հանձնաժողովն հաշվի առնելով տվյալ հանգամանքը և առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով «Շանթ» ընկերության նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ։

««Հիբրիդ սոլյուշսն» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» հարցը ներկայացնելիս նշվեց, որ վարչական վարույթ բացելու հիմք է հանդիսացել «Վի Էմ տելեպրոջեքթ » ընկերությանդիմումը, համաձայն որի ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագրային հիմունքների վերահաղորդել է տեսալսողական ծրագրեր: Ցանցային օպրատորի կողմից ներկայացված բացատրության և Հանձնաժողովի կողմից տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորի կողմից չեն վերահաղորդվում Ընկերության կողմից նշված տեսալսողական ծրագրերը։

Տվյալ հանգամանքն հաշվի առնելով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը հանձնաժողովը կարճել է «Հիբրիդ սոլյուշսն» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ