Նրա կորստով դարաշրջան թերթեցինք. տեղի ունեցավ Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը

5.02.2022 - 19:12 դիտում

Հայրենասեր, երաժշտության նվիրյալ, որը հոգով, սրտով իրեն նվիրել էր արվեստին՝ ստեղծելով երգեր, որոնք կապրեն հավերժ: Այսպես են կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մասին արտահայտվում հարազատները, ընկերները, գործընկերները, երկրպագուները, որոնք եկել էին հրաժեշտ տալու կոմպոզիտորին:

Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 5-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Կոմպոզիտոր, դաշնակահար, երգչուհի և պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանն ասաց, որ Արթուր Գրիգորյանը ոչ միայն իրենց, այլև մի քանի այլ սերնդի է կրթել և կայացման գործում մեծ դեր խաղացել:

«Նրա դերը հայկական երաժշտարվեստում մեծ է: Երեկ մտածում էի, որ դարաշրջան թերթեցինք նրա կորստով: Արթուր Գրիգորյանն այն մարդն էր, որը հոգով, սրտով ապրում էր երաժշտությամբ: Նա միայն բարձրակարգ, հայրենասիրական նախագծեր է իրականացրել: Գրիգորյանի երաժշտությունն անմահ է»,-նշեց Մուշեղյանը:

Երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը Արթուր Գրիգորյանից հաճախ է լսել «ինչո՞վ կարող եմ օգտակար լինել» բառերը: Երգահանը շնորհակալություն է հայտնում  Արթուր Գրիգորյանին՝  բոլորիս հրաշալի երգեր և երգող սերունդ թողնելու համար:

Ժողովրդական երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը Արթուր Գրիգորյանի մահը մեծ կորուստ է համարում ամբողջ հայ ազգի և մեր պետության համար:

«Արթուր Գրիգորյանն անկրկնելի էր: Նրա ավանդը հայ մշակույթի զարգացման գործում մեծ է ու անգնահատելի: Նա մարդ էր, որը մեծ ներդրում ունի յուրաքանչյուրիս կայացման հարցում: Նրա շնորհիվ այս տարիներին փորձեցինք ու փորձում ենք ծառայել մեր հայկական մշակույթին: Ես անձամբ երախտապարտ եմ նրան, որովհետև Գրիգորյանն առաջին քայլերս անելու հնարավորություն ստեղծեց՝ ծանոթացնելով եթերին, բեմական արվեստին: Նրա կրթած մի քանի սերունդ այսօր զարդարում է հայ բեմը և տարածում մեր հայկական, ազգային, ավանդական երգը, որին Գրիգորյանը ժամանակակից շունչ էր տալիս»-շեշտեց Արսեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Արթուր Գրիգորյանը հավերժ է ապրելու, հավերժ է ապրելու նրա գործը, որն արել է հանուն հայ ազգի, պետականության, հանուն Հայաստանի, Արցախի՝ մոռանալով իր անձը:

Դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը շեշտեց՝ Արթուր Գրիգորյանը մեծ սեր էր տածում իր հայրենիքի հանդեպ, նվիրված էր  իր գործին:

«Մեր ժողովրդի համար մեծ ցավ է նրա կորուստը: Արթուր Գրիգորյանի մեղեդիները չեն կարող մոռացվել. ամեն նոտա նա գրել է սիրով, զգացմունքով, երբեմն՝ ցավով, այդ իսկ պատճառով էլ այդ ամենը դարձել է բոլորինս: Առավոտյան լսում էի նրա երգերը: Նրա ինտոնացիայում, խռպոտ ձայնի մեջ այնքան թախիծ, ցավ, սեր կար: Անբավարարվածություն կար, որովհետև այն երաժշտությունը, որը կար նրա մեջ, Գրիգորյանը մինչև վերջ չվերծանեց,  չնվիրեց մեզ, և մենք որբացանք՝ առանց սիրո երաժշտության: Եկեք փայփայենք իրար: Մենք դեռ ունենք ու միշտ ենք ունեցել նվիրյալների, որոնք ապրում են այսօր ու անուշադրության են մատնված: Պետք է սիրենք ու լսենք միմյանց»,-եզրափակեց Պողոսյանը:

Արթուր Գրիգորյանը երկարատև հիվանդությունից մահացել է փետրվարի 4-ին, հիվանդանոցում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ