Նոյեմբերի 9-ի անկարգությունների քրեական գործերով կան 29 մեղադրյալներ

Աննա Կոստանյան 18.08.2021 - 14:24
18.08.2021 - 14:24 դիտում

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հրադադարի հայտարարությանը հետևած անկարգությունների քրեական գործերով կան 29 մեղադրյալներ։ Այդ մասին, «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ չբացահայտելով մեղադրյալների ով լինելը։

Գործերը քննվում են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի հատկանիշներով։

Ըստ Գլխավոր դատախազության՝ մեղադրյալներից 44-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որից 22-ը մերժվել է, 21-ը՝ բավարարվել։ Այս քրեական գործով 3 անձ  հետախուզվում է։

Նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարություն, խորհրդարան ու կառավարական ամառանոց ներխուժած անձանց կողմից գողացված փաստաթղթեր բնակարանների խուզարկությունների արդյունքում չեն հայտնաբերվել:

«Վարչապետի կեցավայրից իրերի որոշ մասը՝ ժամացույցներ, օծանելիքներ, վարորդական իրավունքի վկայական, բջջային հեռախոս, հայտնաբերվել և վերցվել են այդ դրվագով մեղադրյալների անձնական խուզարկությամբ»,- հայտնել են դատախազությունից։

Նոյեմբերի 9-ի անկարգությունների գործով 3 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Նրանք դատապարտվել են 4 տարվա ազատազրկման։ Եվս 8 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Նախաքննության փուլում է գտնվում նոյեմբերի 9-ի գիշերը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու հետ կապված քրեական գործը, կա 2 մեղադրյալ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ