Նյու Յորքում ավարտվեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի նախաձեռնած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Անի Հովհաննիսյան 20.09.2022 - 11:15
20.09.2022 - 11:15 դիտում

Նյու Յորքում ավարտվեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի նախաձեռնած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Այն տևեց մոտ մեկ ժամ, փակ դռների ետևում։ Հանդիպումից առաջինը դուրս եկան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ապա պետքարտուղար Բլինքենը։
«Վերջին մարտերից հետո՝ սա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի առաջին ուղիղ բանակցություններն էին»,- նշված է Պետքարտուղարության հանդիպումից հետո արված հայտարարությունում:Պետքարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել զոհվածների համար և կարևորել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը։ Բլինքենը հորդորել է կողմերին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ։ Հանդիպումից ավելի ուշ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։ «Տարածաշրջանում կայուն խաղաղության է ձգտում նաև Ադրբեջանը»- նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Հանդիպման ընթացքում պաշտոնական Բաքուն փոխադարձաբար հայկական կողմին է մեղադրել սահմանային սադրանքների մեջ: Ըստ Ջեյհուն Բայրամովի Ադրբեջանը շահագրգռված չէ իրավիճակի ապակայունացմամբ։ Ադրբեջանական կողմի տարածած հայտարարության համաձայն Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ ընդգծել է ղեկավարների միջև հրատապ բանակցությունների պատրաստակամությունը՝ եռակողմ հռչակագրերին և բրյուսելյան հանդիպման արդյունքներին համապատասխան կայուն խաղաղություն ապահովելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ