Նիկոլ Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կարևորել է Եվրախորհրդարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման բանաձևը

Աստղիկ Խաչատրյան 24.02.2023 - 19:57
24.02.2023 - 19:57 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը և գոհունակությամբ նշել ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների փաստը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի հետևանքներին: Վարչապետ Փաշինյանը շեշտել է Եվրոպական խորհրդարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ընդունած բանաձևի կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ