Նիկոլ Փաշինյանը Դելֆին Պրոնկի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետևողական զարգացումը

Աննա Կոստանյան 8.04.2024 - 18:27
8.04.2024 - 18:27 դիտում

Վարչապետն ընդունել է Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին՝ նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորությամբ:

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետևողական զարգացումը և այդ համատեքստում ընդգծել ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման փաստը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԵՄ օժանդակության կարևորությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում՝ ընդգծելով, որ ժողովրդավարության հետևողական զարգացումը ՀՀ Կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, 2023 թ. հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:

ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ Կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հավելելով, որ Հայաստանի դիրքորոշումը լիարժեք արտահայտված է վերոնշյալ նախագծում: Տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դերը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրներին: Կարևորվել է միջազգային հանրության հետևողական աջակցությունը՝ տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու նպատակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ