ՆԳՆ կազմավորմամբ կմիավորվեն Միգրացիոն ծառայությունն ու Անձնագրային և վիզաների վարչությունը

Գոհար Ստեփանյան 13.02.2021 - 11:09
13.02.2021 - 11:09 դիտում

Ներքին գործերի նախարարության կազմավորման արդյունքում կմիավորվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Նոր ձևավորվող մարմինը կոչվելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:

«Սա միանշանակ աշխատելու է հօգուտ ոլորտի և գործընթացների՝ ավելի արդյունավետ կազմակերպման, որովհետև այնպես, ինչպես ներկայումս գործում են գերատեսչությունները` կան որոշակի խնդիրներ: Մասնավորապես, ավելի արդյունավետ կկազմակերպվեն ֆունկցիաների բաշխումը տարբեր գերատեսչությունների միջև:  Օրինակ` Միգրացիոն ծառայությունն իրականացնում է գործառույթներ, որոնք ավելի տրամաբանական կլիներ, որ իրականացներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և հակառակը՝ անձնագրային վարչությունն ունի գործառույթներ, որոնք, ըստ էության, միգրացիոն կառավարման մի մասն են կազմում, օրինակ` օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրումը և առհասարակ օտարերկրացիների հետ աշխատանքը»,- ասաց Դավթյանը:

ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուի խոսքով` այս պահին Միգրացիոն ծառայությունն օտարերկրացիների հետ աշխատում է միայն ու միայն ապաստանի համակարգի շրջանակներում, մինչդեռ ցանկացած օտարերկրացու մուտք ու ելքը Հայաստանի Հանրապետություն, ըստ էության, միգրացիայի ոլորտ է:

Ըստ Նելլի Դավթյանի` երկու կառույցների միավորման հիմքում դրված են նաև մասնավոր ծառայությունների որակի բարելավման հարցերը:

«Միավորման արդյունքում քաղաքացին ևս զգալու է փոփոխությունները հատկապես սպասարկման ոլորտում և առանցքային խնդիրներից մեկն էլ քաղաքացու սպասարկման բոլորովին նոր մշակույթի ներդրումն է, որի մասին ավելի մանրամասն քիչ ավելի ուշ հայտնի կդառնա հանրությանը»,- նշեց Դավթյանը:

ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն անդրադարձավ ևս մեկ կարևոր բարեփոխմանը` միգրացիոն ոլորտում քաղաքականության մշակմամբ զբաղվող կառույցի ստեղծմանը:

«Այս պահին հանրապետությունում միգրացիոն ոլորտում քաղաքականություն մշակող կառույց գոյություն չունի, որքան էլ աբսուրդային է հնչում: Մեր գերատեսչության անվանումը ծառայություն է, և ենթադրվում է, որ մենք պետք է քաղաքացուն ծառայություն մատուցենք նախօրոք մշակված քաղաքականության շրջանակներում, բայց փաստացի երկար տարիներ ավանդույթի ուժով այդ քաղաքականությունը մշակողն էլ է միգրացիոն ծառայությունը, իրականացնողն էլ՝ իր փոքրիկ աշխատակազմով:

Այժմ արդեն կշտկվի նաև այդ կարևորագույն հարցը: Ներքին գործերի նախարարությունում կլինի վարչություն, որը կզբաղվի քաղաքականության մշակմամբ ու կլինի Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որը կիրականացնի այդ մշակված քաղաքականությունը»,- եզրափակեց Դավթյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ