Նախարար Սանոսյանը հանձնարարել է հեղեղումների հետևանքով տարհանված քաղաքացիներին տեղավորել հյուրանոցներում և ապահովել առաջին անհրաժեշտության կարիքները

26.05.2024 - 18:18 դիտում

Քիչ առաջ Ալավերդու համայնքապետարանում ավարտվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Ավետիսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը, Ջրառ ՓԲԸ տնօրեն Արտաշես Աբգարյանը, համայնքապետեր, պետական մարմինների այլ ներկայացուցիչներ:

Տեղում քննարկվել է հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակը, վնասների չափը: Նախարարը հանձնարարել է իրականացնել վնասների գույքագրում, սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների կարիքները:

Նախարար Սանոսյանը հանձնարարել է համակարգված աշխատանք տանել կամուրջների փլուզումների հետևանքով մյուս բնակավայրերից կտրված թաղամասերի, բնակավայրերի բնակիչների մասով, նրանց ապահովել առաջին անհրաժեշտության պարագաներով։

Քննարկվել են նաև բնակավայրերի գազամատակարարման, ջրի և հոսանքի մատակարարման վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը հանձնարարել է նաև պատշաճ պայմաններ ստեղծել հեղեղումների հետևանքով տարհանված քաղաքացիների համար՝ նրանց տեղավորել հյուրանոցներում և ապահովել վերջիններիս առաջին անհրաժեշտության կարիքները։

Քննարկվել են իրավիճակով պայմանավորված այլ հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ