Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են

25.08.2026 - 16:05 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթներով օգոստոսի 25-ին միաժամանակյա խուզարկություններ են կատարվել տնտեսվարողների գործունեության և բնակության ընդհանուր թվով 17 հասցեներում, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթների համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և առարկաներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Տնտեսվարող սուբյեկտների գործունեության հասցեները ապացուցողական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով կապարակնքվել են:

Հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ տնօրեններ Ի.Հ.-ի, Ա.Ա.-ի, Կ.Ա.-ի և նախկին տնօրեն Հ.Մ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են:

Վերջիններս ձերբակալվել են: Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելու դատարան:

Հիշյալ տնտեսվարող սուբյեկտներով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլրդ 682 մլն 21 հզր 224 ՀՀ դրամի վնաս»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ