Նախատեսվում է հիմնանորոգել եւ վերակառուցել 4 ավագ դպրոց, 200 դպրոցում կստեղծվեն բնագիտական եւ ՏՏ լաբորատորիաներ. ԱԺ-ն քննարկել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

Աննա Կոստանյան 25.10.2022 - 13:28
25.10.2022 - 13:28 դիտում

Ընթացիկ տարվա հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է մեր երկրին հատկացնել 22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով. 14,5 տարին արտոնյալ է: Տոկոսադրույքը տարեկան 0,25 տոկոս է: Վարկի մարումը կսկսվի արտոնյալ ժամկետը լրանալուց հետո: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ի ԱԺ հերթական նիստերի ժամանակ:

Խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրով հանրապետությունում նախատեսվում է հիմնանորոգել եւ վերակառուցել 4 ավագ դպրոց, ինչպես նաեւ դրանք համալրել անհրաժեշտ գույքով: Այդ դպրոցներն են` Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը, Արտաշատի եւ Աշտարակի ավագ դպրոցները, Երեւանի թիվ 139 ավագ դպրոցը:

Համաձայնագրի շրջանակում 200 դպրոցում կստեղծվեն բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Կառավարությունը նախատեսում է, որ մինչեւ 2026 թ. հանրապետության բոլոր դպրոցները պետք է ապահովվեն նման լաբորատորիաներով:

Հանրապետության 80 բնակավայրում կստեղծվի առնվազն 80 նախակրթարան, դրանք կհամալրվեն անհրաժեշտ գույքով, կվերապատրաստվեն դաստիարակները: Նախակրթարանները հարմարեցվելու են ներառական կրթության պահանջներին: Նախապատվությունը տրվելու է սահմանամերձ, ինչպես նաեւ այն համայնքներին, որտեղ մեծ թիվ է կազմում Արցախյան պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքների թիվը:

Համաձայնագրի շրջանակում նորարարական եւ զարգացման ծրագրեր իրականացնելու հնարավորություն կունենան նաեւ բուհերը: Այս նպատակի համար նախատեսված է 2,6 մլն եվրո գումար: Այս համատեքստում կիրականացվի 5 դրամաշնորհային ծրագիր:

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը հայտնել է, որ Կառավարությունը նախատեսել է առաջիկայում բարելավել նաեւ հանրապետության մյուս բոլոր դպրոցների ենթակառուցվածքները: Նշենք, որ պատգամավորի հարցը վերաբերում էր Երեւանի թիվ 198 դպրոցի վերանորոգման անհրաժեշտությանը: Փոխնախարարը հայտնել է, որ նշված դպրոցի վերանորոգման հարցը կդիտարկվի:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրել է՝ արդյո՞ք տեսանելի ապագայում կան հնարավորություններ՝ Հայաստանի բուհերից տեսնելու աշխարհի լավագույն բուհերի շարքում: Արթուր Մարտիրոսյանը տվել է լավատեսական պատասխան՝ նշելով, որ այդպիսի նպատակ կա, եւ ակնկալվում է, որ հանրապետության 4 բուհ շատ մոտ ապագայում` 2030 թ., կարող է լինել աշխարհի 500 լավագույն բուհերի շարքում:

Նախագծի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Գրիգորյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ