Մյասնիկյան պողոտայում սպանություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Աննա Կոստանյան 3.05.2023 - 18:14
3.05.2023 - 18:14 դիտում

Ապրիլի 30-ին, ժամը 23.54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի մուտքի մոտ անգիտակից վիճակում գետնին ընկած արնահոսող տղամարդ կա: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 23.00-ին նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից երկու անգամ կրակել է նույն շենքի 53-ամյա բնակչի ուղղությամբ, որը մահացել է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոս, 9 մմ տրամաչափի երկու պարկուճ և մեկ կրակված գնդակ:

Փաստի առթիվ սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, համագործակցելով Տավուշի մարզային վարչության, նույն մարզի ՊԾ ծառայողների հետ, մայիսի 2-ին, ժամը 17.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի հարակից ավտոկայանատեղիում հայտնաբերվել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Արարատի մարզի Արևշատ գյուղի 41-ամյա բնակիչը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

41-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Քրեական վարույթը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ